Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատավարության մեկնարկին իրենց բողոքի ակցիայի ժամանակ ջրի շշով հարվածել եւ վնասել են քաղակտիվիստ Վարդգես Գասպարիի այտոսկրը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գասպարին էլ դատարանի դիմաց արել է իր հակաքոչարյանական ակցիան եւ կոշտ քննադատություն հնչեցրել երկրորդ նախագահի եւ նրա աջակիցների հասցեին: Նրան պատասխանել են հարվածով ու նաեւ բռնություն ու հայհոյանք պարունակող արտահայտություններով:
Գասպարին եւ Քոչարյանի աջակիցներն ունեն երկրորդ նախագահի իշխանական գործունեության, մարդկային որակների, քաղաքական կենսագրության վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես հանրության թերեւս յուրաքանչյուր ներկայացուցիչ: Ընդ որում, տվյալ պարագայում կարեւոր էլ չէ, թե ինչպիսին է կարծիքների հարաբերակցությունը՝ հօգուտ Քոչարյանի, թե ոչ: Եվ գուցե կարեւոր էլ չէ, որ կարծիքների մի մասը կարող է լինել վճարովի: Վերջին հաշվով, հասարակական-քաղաքական իրողությունների հանդեպ կարծիքների հայաստանյան միջակայքում վճարովիության սկզբունքը գործել է գրեթե միշտ եւ նույնիսկ եղել գերակա, թերեւս մինչեւ թավշյա հեղափոխություն:
Խնդիրն այստեղ այլ է: Թեեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու պաշտպանները նշում են, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման կամ անձնական վրեժխնդրության, որ նրա կալանքը անօրինական է, այդուհանդերձ թերեւս աներկբա է, որ դատական գործընթացը Ռոբերտ Քոչարյանի համար այդ ամենը «մերկացնելու» լավագույն հնարավորությունն է, առնվազն հանրային գիտակցության կամ ենթագիտակցության հարցում: Առավել եւս, որ դատավարության ընթացքում, ինչպես նշել էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, տարբեր դատավարական կարգավիճակներով ներգրավվելու են նախկին երեք նախագահները, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այլ կերպ ասած՝ նախկին գրեթե ամբողջ համակարգը:
Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմն ունեն իրենց պաշտպանյալին առնվազն հանրության հայացքում, հանրային գիտակցության շրջանակում «արդարացնելու» թերեւս առավելագույն հնարավորություն: Խնդիրը ոչ թե «անմեղության» մատուցումն է, այլ ցույց տալը՝ օրինակ, ենթադրենք, որ նախկին համակարգի ամենավատ դեմքը ամենեւին էլ ինքը չէ, կամ ինքն ամենեւին էլ մյուս բարձրաստիճաններից ավելի պատասխանատու չէ այն ամենի համար, ինչ եղել է Հայաստանում:
Կփոխվի՞ դրանից հանրության վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ, իհարկե այլ հարց է: Դա կախված է թե Ռոբերտ Քոչարյանի փաստարկների համոզչությունից, թե իհարկե մի շարք այլ գործոններից: Ու այդ թվում նրա աջակիցների վարքագծից:
Ահա այդ իմաստով, Քոչարյանի աջակիցների արարքը փաստացի եղել է ջրի շշով հարված Ռոբերտ Քոչարյանին: «Վճարվե՞լ» է որեւէ մեկն այդ վարքագծի համար, թե՞ դա ներքին մղում է: Էական չէ: Հարվածը հասցվել է, եւ հաշվի առնելով մի շարք իրողություններ ու հանգամանքներ, երկրորդ նախագահին գուցե նույնիսկ ավելի դյուրին կլինի պաշտպանվել քրեական մեղադրանքից, քան ջրիի շշով հասցված հարվածից:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am