Բացառիկ լուսանկար. Արամ Խաչատրյանը՝ Մոնակոյի արքայազն Ռենիե Գրիմալդիի և Գրեյս Քելլիի հետ
Լուսանկարի պատմությունը հետևյալն է. 1973 թվականին հայ մեծ կոմպոզիտորը հրավիրված էր Ֆրանսիա, որտեղ մեծ շուքով նշվեց նրա 70-ամյակը: Շրջագայության ընթացքում Արամ Խաչատրյանը որոշում է այցելել նաև Մոնակո: Այդ ժամանակ Մոնակոյի արքայազն Ռենիե Գրիմալդին իր տիկնոջ՝ աշխարհահռչակ կինոաստղ Գրեյս Քելլի հետ գտնվում էր երկրից դուրս՝ Լոնդոնում: Իմանալով կոմպոզիտորի գալստյան մասին՝ նրանք կիսատ են թողնում իրենց շրջագայությունը և վերադառնում են Մոնակո՝ անմիջապես գնալով այն տունը, որտեղ կանգ էր առել Խաչատրյանը:
Արքայազն Ռենիե Գրիմալդին մեծ արվեստասեր էր և իր երկրում մշտապես կազմակերպում էր միջազգային մրցույթներ ու փառատոններ՝ նվիրված կոմպոզիտորական արվեստին: 1974-ին կայանալիք հերթական մրցույթ-փառատոնին նա ոչ միայն հրավիրել էր մաեստրոյին, այլ նաև խնդրել էր նրան գրել մի նոր ստեղծագործություն, որը պետք է հնչեր փառատոնի բացման արարողությանը:
Պատկերում՝ Մոնակոյի արքայազն Ռենիե Գրիմալդին, Արամ Խաչատրյանը, Գրեյս Քելլին և թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը
Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդից
Հայ-եվրոպական մշակութային կենտրոն՝ ֆեյսբուքյան էջից