ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ այն դրվագը, որով Գլխավոր դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի որոշ մերձավոր անձինք` իրենց թիկնազորի եւ մի շարք անձանց հետ միասին կատարել են ինչ–ինչ գործողություններ, օդից վերցված տեղեկություն չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Իհարկե հայտնի են, թե ովքեր են այդ անձինք, բա հո՞ մենք չէինք կարող օդից կտրված տեղեկություն մեջբերել մեղադրանքի մեջ։ Մենք ուզում եք, որ ամեն բան իր փուլում տեսնեք։ Օրինակ, մեր նկարագրած դրվագին առնչվում է Լեւոն Սարգսյանը, ԱԺ–ի նախկին պատգամավոր»,- նշեց նա։


Ճշտող հարցին՝ «Ալրաղացի Լյովիկի» մասի՞ն է խոսքը, Գխավոր դատախազը ժպտաց։

Հարցին՝ թիկնազորին համազգեստ բաժանելու համատեքստո՞ւմ է մեղադրանքը, նա կարճ պատասխանեց՝ այո։

Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ իր կողմից նշված Լեւոն Սարգսյանը մեկ այլ քրեական գործով գտնվում է հետախուզման մեջ. «Նա կարգավիճակ ունի, մեկ այլ քրեական գործով գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք, այս գործով իր արարքին դեռ իրավական գնահատական տրված չէ»։

Նա նշեց, որ շատ կան այնպիսի անձինք, որոնց արարքին իրավական գնահատական տրված չէ։

Արթուր Դավթյանը արձագանքեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ նյութեր կան, որոնք չեն կցվել Սահմանադրական կարգը տապալելու փաստով հարուցված քրեական գործին։

«Դատարան ուղարկված քրեական գործը շուրջ 80 հատոր է, մինչդատական վարույթում հիմնավոր կասկածի պայմաններում կալանքի ընտրության ժամանակ դատարանին ներկայացված նյութերը, պայմանական ասեմ, կարող էին մեկ հատոր լինել, հիմա նրանք պե՞տք է վերցնեին 79 հատորը և ասեին, թե այս տեղեկությունները մեզ հայտնի չեն, պարզ է, որ դա տրամաբանական չէ։ Մի փուլում մի հարց էր քննարկվում, այս փուլում այլ հարց է քննարկվում»,– նշեց նա։

Նա պնդեց, որ այդ փաստաթուղթը ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթ է. «Կոնկրետ դեպքում, որ այդ փաստաթուղթը, որ նշվել է, որևէ կերպ հակառակը չի հիմնավորում, ընդհակառակը՝ մեզ գործով հաջողվել է հիմնավորել, որ այդ փաստաթուղթը առանց որևէ հիմքի ընդամենը հանձնարարվել է կազմել այդպիսի տեղեկություններ, իսկ այդպիսի մի դեպք ունենք, որ ոստիկանները Մարտի 1-ի լուսադեմին կատաված իրադարձությունների վերաբերյալ զեկուցագրեր են ներկայացրել»։

Հարցին, թե ինչու ավելի կոնկրետացված չեն անձանց անունները, որոնց մասին խոսվում է մեղադրանքում, Դավթյանն ասաց. «Մեղադրանքի մեջ կոնկրետ անձանց տվյալներ ներկայացվում են այնքանով, որքանով ուղիղ ապացույցների բավարար համակցությունը դրան հանգեցնում է»։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ավելի վաղ նշել էր, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ կա հատևյալ դրվագը, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի որոշ մերձավոր անձինք` իրենց թիկնազորի և մի շարք անձանց հետ միասին կատարել են ինչ-ինչ գործողություններ, սակայն չի նշվում, թե ովքեր են նրանք։