«Հայկական ժամանակը գրում է, որՎրաստանը երեկ միակողմանիորեն վերացրել է Իրանի հետ հաստատված ոչ վիզային ռեժիմը։ Երկու երկրների միջև ոչ վիզային ռեժիմը գործում է 2011 թվականի հունվարի 26-ից։ Վիզային ռեժիմը վերացնելուց հետո դեպի Վրաստան իրանցի զբոսաշրջիկների թիվը մոտ 4 անգամ աճել է։ Դրան հակառակ՝ զգալիորեն նվազել էր դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքը։

 

Շատ իրանցիներ, օգտվելով այն հանգամանքից, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստան այցելելու համար վիզա հարկավոր չէ, նախընտրում էին հանգիստն անցկացնել հարևան երկրում՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր։ Նաև քիչ չէին այնպիսինները, ովքեր ժամանում էին Հայաստան և այստեղ մի քանի օր անցկացնելուց հետո, մեկնում էին Վրաստան։ Ստացվում էր, որ վիզային ռեժիմը վերացնելով Վրաստանը Հայաստանից «խլում էր» իրանցի զբոսաշրջիկների մի մասին։ Այժմ, երբ Վրաստանը վերականգնում է վիզային ռեժիմը Իրանի հետ, սպասվում է, որ դեպի հարևան երկիր զբոսաշրջային նախկին հոսքը չի լինի, քանի որ վիզաների ստացումը որոշակի բարդությունների հետ է կապված։ Իսկ դա նշանակում է, որ որոշ չափով կաճի իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, մանավանդ որ ենթադրվում է, որ վիզաների ստացումը ևս կդժվարանա։

 

Ինչ վերաբերում է վիզային ռեժիմը վերացնելու պատճառներին, Թբիլիսիում դա բացատրում են նոր միգրացիոն քաղաքականությամբ, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, նման որոշումն իրականում ընդունվել է ԱՄՆ-ի ճնշման տակ, որը դժկամորեն է ընդունում Իրանի հետ Վրաստանի փոխգործակցության ցանկացած դրսևորում,– գրում է թերթը։