Եգիպտոսի բանակի ռազմական ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է, որ նախագահի պաշտոնից հեռացված Մուհամմեդ Մուրսին գտնվում է կալանքի տակ: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Ավելի վաղ «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ Մուրսին տեղափոխվել է պաշտպանության նախարարության շենք:
Եգիպտոսի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել իր անունը նշել, հայտարարել է, որ Մուրսին ձերբակալվել է նրա նկատմամբ հնարավոր մեղադրանքներ հարուցելու համար:
Չորեքշաբթի օրը Եգիպտոսի բանակը հեռացրել է նախագահ-իսլամիստին իշխանությունից, ժամանակավոր կանգանցրել է գործող սահմանադրությունը, ինչպես նաև հանձնարարել է Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրին անցումային շրջանում կատարել երկրի ղեկավարի պարտավորությունները: Իր պաշտոնից հեռացված նախագահը չի համաձայնվել զինվորականների որոշման հետ և կոչ է արել իր կողմնակիցներին թույլ չտալ « օրինականության խախտում»:
Հետագայում պարզ է դարձել, որ ռազմական գործիչները սկսել են «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչների ձերբակալություն: Արդեն ձերբակալվել են «Մահմեդական եղբայրների» ղեկավար Մուհամմեդ Բադիան, նրա օգնական Ռաշադ ալ Բայումին և շարժման հիմքի վրա ստեղծված Ազատություն և արդարություն կուսակցության ղեկավար Սաադ ալ Քաթաթնին:
Ընդդիմադիր թևը, որը ներկայացված է մի քանի քաղաքական խմբավորումներով և բազմաթիվ երիտասարդական շարժումներով, մեղադրում է Մուրսիին այն բանում, որ երկրում իշխանությունը մենաշնորհել են «Մահմեդական եղբայրները», որն էլ հենց ներկայացնում է նախագահը:
Մուրսին մեղադրվում է նաև իր նախընտրական խոստումների չկատարման և երկրի ոչ հմուտ կառավարման մեջ, ինչն էլ պատճառ է հանդիսացել Եգիպտոսում տնտեսական և քաղաքական ճգնաժամի:
Ինչպես հայտարարել է Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս Սիսսին մոտակա ժամանակներում երկրում կստեղծվի ժամանակավոր կոալիցիոն կառավարություն և հանձնախումբ, որը կզբաղվի արտահերթ նախագահական ընտրությունների պատրաստմամբ: