Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողի դիտարկմանը, թե մայիսի 29-ին Բաքվում կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչը, իսկ Բաքուն բավարար երաշխիքներ չի տալիս Հենրիխ Մխիթարյանի անվտագության համար, և թե արդյոք որն է Հայաստանի դիրքորոշումը Բաքվի նման քաղաքականության վերաբերյալ, մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց.
«Մենք նշել ենք, որ եթե Ադրբեջանի կողմից համապատասխան երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիկ Մխիթարյանին և՛ իր թիմին, ապա Արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի վերջինի՝ Բաքվում կայանալիք խաղի մասնակցությանը:
Ինչ վերաբերում է լուրերին, որ խնդիրներ էին ստեղծվել հայ երկրպագուների Ադրբեջան մուտքի հետ կապված, այդ լուրերը իրապես անհանգստացնող էին: Մենք կողջունեինք, որ ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որ ինքը հայտարարել էր օրեր առաջ, որ սպորտը վեր է քաղաքականությունից:
Առավել ևս սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան, և այս առումով Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական նոր դրսևորում և, ըստ էության, դա կասկածի տակ է դնում Արբեջանում նման կարգի միջոցառումների անցկացումը:
Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալ, թե իրապես որքան է պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախպատրաստելու ուղղությամբ, սակայն դա մենք չտեսանք»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այս հարցը բարձրացվելու է միջազգային գործընկերնի մոտ: