Հայտնի ռուս սպորտային մեկնաբան Վասիլի Ուտկինը հիասթափված է Լոնդնոի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու հետ կապված իրավիճակից: Որպես համերաշխության նշան նա ևս չի մեկնի Բաքու: Այդ մասին նա գրել է Twitter-ի միկրոբլոգում:
«Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակից: Հանձնեցի ինքնաթիռի տոմսերս: Հանդիպման տոմսը կպահեմ որպես հիշեցում՝ ագահությամբ համեմված՝ ապուշության և անասնականության դեպքի մասին»,-ասվում է գրառման մեջ:
Հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավար, լրագրող Պիրս Մորգանը անդրադարձել է Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի և դրան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հետ կապված հարցերին: Նա կարծում է, որ եթե «Չելսին» ու «Արսենալը» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կփոխի հանդիպման վայրը:
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, թե Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:
ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:
2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: