Սերժ Սարգսյանը, ըստ էության, հրապարակայնորեն ճնշում գործադրեց Վերահսկիչ պալատի նախագահի և ընդհանրապես ամբողջ ՎՊ ինստիտուտի նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«ՎՊ ինստիտուտը հավասարեցրին հողին, և հավասարեցնողը ոչ այլ ոք էր, քան Սերժ Սարգսյանը:: Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենթի ենթարկելու համար»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով, իշխանության ներսում սկսվել է քավության նոխազների փնտրտուք, դրան նախորդել է ընդդիմության հետ առերեսումը, բացահայտումները։
Նրա գնահատմամբ՝ Վերահսկիչ պալատի զեկույցում որեւէ նոր բան չկա, 2008թ ՎՊ-ի բացահայտումները շատ ավելի աղաղակող էին եւ շատ ավելի խայտառակ: Այդ ժամանակվա հետազոտություններից մեկը փաստում է, որ պետական բյուջեից գողացվել է կես միլիարդ դոլարի գումար։ Պատգամավորը նաեւ նշեց որ ՎՊ-ն ներկայացնում է միայն պետբյուջեից գողացված գումարները, սակայն Լ. Զուրաբյանը ավելացրեց, որ կան գումարներ որոնք պետբյուջե չեն մտնում, գողացվում են մինչ պետբյուջե մտնելը։
«ՀՀ իշխանությունները հայտնվում են խորը ճգնաժամի մեջ, նրանց համար սկսել է գործել կաղ բադի սինդրոմը: Կաղ բադի սինդրոմի հետ է բախվել նաև Սերժ Սարգսյանը: Ակնհայտ է, որ ներիշխանական պառակտումները գնալով աճելու են, որովհետև սկսել է պայքար լիդերության համար»,- եզրափակեց նա: