Մայիսի 18-ին Երեւանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 25 շենքի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24–ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Արմեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Հակոբ Գեւորգյանը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանան միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 25 շենքի բնակիչ, 21-ամյա Գենրիխ Ալավերդյանի նկատմամբ:


Վերջինիս նկատմամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մեսրոպ Անտոնյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայիսի 18-ին Երեւանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 25 շենքի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիր բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ հետաքննիչ Մ. Անտոնյանի գլխավորությամբ: Ժամանել է նաեւ դատական բժիշկը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն հասցեում բնակվող, 46-ամյա Արամ Նահապետյանն էր: Տեղում դատաբժիշկը դին արտաքին զննության ենթարկելով՝ հայտնաբերել է մարմնի վրա քերծվածքներ եւ արյազեղումներ: Նույն օրը Ա. Նահապետյանին ծեծելու հետեւանքով մահվան հասցնելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանները բաժին են բերման ենթարկում Գ. Ալավերդյանին, որը ձերբակալվում է: Պարզվում է, որ մինչ մահանալը՝ մայիսի 15-ին եւ 16-ին Գ. Ալավերդյանը վիճաբանել է Ա. Նահապետյանի հետ, որի ժամանակ էլ դաժան ծեծի է ենթարկվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել գումարային հարցերի շուրջ եւ մայիսի 16-ին Արաբկիրի ոստիկանները Գ. Ալավերդյանին, Ա. Նահապետյանին եւ Գ. Ալաբվերդյանի մորը՝ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 24 շենքի բնակիչ, 53-ամյա Տատյանա Սարգսյանին հրավիրում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Նահապետյանը հրաժարվում է կատարվածի մասին բացատրություններ տալ, հայտնելով, որ ինքը ոչ մի բողոք չունի Գ. Ալավերդյանից եւ Տ. Սարգսյանից: Հաջորդ օրը Գ. Ալավերդյանը այցելում է Ա. Նահապետյանի ավտոտնակ ու հայտնում, որ նա պետք է իր մորից՝ Տ. Սարգսյանից ներողություն խնդրի:

Մերժում ստանալուց հետո Գ. Ալավերդանը նորից հարձակվում է Ա. Նահապետյանի վրա (ըստ նախնական տեղեկությունների՝ նախորդ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակից է եղել նաեւ Տ. Սարգսյանը, որը համատիրության նախագահ է), ինչից հետո Գ. Ալավերդյանը Ա. Նահապետյանին թողնելով անօգնական, հեռանում է ավտոտնակից, իսկ արդեն մայիսի 18-ին Ա. Նահապետյանին մահացած հայտնաբերում է հարեւանը եւ ահազանգում ոստիկանություն: Մայիսի 18-ին արդեն ձերբակալված Գ. Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը Արաբկիրի հետաքննչական բաժանմունքից փոխանցվում է քննչական բաժին եւ ուրբաթ օրը քննիչը դիմում է դատարան եւ դատավոր Աննա Դանիբեկյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժում է քննիչի միջնորդությունը ու դատարանից Գ. Ալավերդյանին ազատ է արձակում՝ իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Գ. Ալավերդյանը կատարվածի համար զղջացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել մահացածի կինը, չնայած նրանց ամուսնալուծված էին։ Մահացածի նախկին կինը պատրաստվում է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի իրենց հսկողությոն տակ վերցնեն նշված քրեական գործի նախաքննությունը եւ իրական մարդասպանը եւ օժանդակողը արժանի պատիժ ստանան։