Yelaket.am-ի զրուցակիցն է դերասանուհի Թամարա Պետրոսյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը ամենամեծ հիասթափության, գրական հերոսուհու մարմնավորելու, հարգանքի, սիրո և ընկերության մասին:
-Ո՞րն է դերին նախապատրաստվելու Ձեր մեթոդը:
-Ամենակարևոր նախադրյալը տրամաբանությունն է։ Տրամաբանության վրա են կառուցվում մնացած բոլոր գույները։
-Մասնագիտության մեջ ի՞նչն է դերասանուհուն ամենամեծ հիասթափությունը պատճառում:
-Դժվարանում եմ պատասխանել: Պատճառները կարող են տարբեր լինել. զայրացնում է գործին ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը դիմացինի կողմից , կարող է նաև հիասթափեցնել , եթե անընդհատ շրջապատված լինես նման մարդկանցով ։
-Ասում են՝ հանդիսատեսի առաջ հագուստով երևալը գեղարվեստ է, իսկ մե՞րկ երևալը...
-Նույնպես գեղարվեստ է։ Երկու դեպքում էլ կարևոր է ճշգրիտ ու դիպուկ գեղարվեստական արդարացումը։
-Ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի անձը, որպեսզի ձեր ընկերը դառնա:
-Բոլոր ընկերներիս շատ սիրում եմ։ Այ հիմա մտածում եմ՝ ինչի՞ համար եմ նրանց սիրում… չեմ կարող ստույգ հատկանիշներ նշել: Սիրում եմ, որովհետև իմն են, իսկական են, լավն են, բարի են, կարևոր պահերին միշտ կողքիս են և դա փոխադարձ է։ Ընդհանրապես ընկերությունն իմ կյանքում շատ մեծ ու կարևոր տեղ է զբաղեցնում։ Ամենաուրախ մարդն եմ լինում, երբ ազատ ժամանակս անց եմ կացնում ընկերներիս հետ։
-Ո՞ր գրական հերոսուհուն սիրով կմարմնավորեիք:
-Հիմա մեծ հաճույքով կմարմնավորեի Լարային ` «Դոկտոր Ժիվագո»-ից։ Վաղը կամ մյուս օրը կարող է ցանկությունս փոխվի :
-Ո՞ր գրական ստեղծագործությանը կնմանեցնեիք ձեր կյանքը:
-Չեմ կարծում, թե իմ կյանքը նման է որևէ գրական ստեղծագործության, համենայնդեպս, դեռ նման ստեղծագործության չեմ առնչվել։
-Հարգանքը չեզոքացնու՞մ է սերը:
- Ինձ թվում է սերը ծնում է հիացմունք, հարգանք և էլի շատ դրական էմոցիաներ, որոնք միայն ամրապնդում են սերը։
-Ի՞նչն է ամենաշատը խանգարում սիրավեպին:
-Չգիտեմ։ Մի՞գուցե փոխըմբռնման բացակայությունը։
-Ի՞նչն է կնոջ հոգեբանության միակ լաբորատորիան:
-Իմ պարագայում՝ ուղեղը:
-Ի՞նչն է կնոջը լիարժեք երջանիկ դարձնում:
-Ներդաշնակությունը: Երբ ամեն ինչից ունենում ես և քեզ լիարժեք ես զգում։
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: