Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին տեղյակ չէ երկրի օրենքներից և իր անտեղյակությունը նա ցուցադրել է` մեկանաբանելով նախագահական ըտնրությունները հոկտեմբերի 31-ին նշանակելու փաստը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Իվանիշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին ընտրություններին աշխատանքային օր է նշանակել, որպեսզի այդ միջոցով մի քանի օրով հետաձգի իր նախագահության ժամկետը:

Սաակաշվիլին համարում է, որ ոչ մի նշանակություն չունի, թե երբ տեղի կունենան ընտրությունները՝ երեք օր շուտ, թե ուշ, քանի որ գործող նախագահի լիազորությունները ավարտվում են միայն այն բանից հետո, երբ տեղի կունենա նոր ընտրված նախագահի երդումնակալության արարողությունը:

 

«Վրաստանի վարչապետը այսօր բացահայտորեն ցուցադրել է, որ տեղյակ չէ Վրաստանի օրենքներին: Նա հայտարարել է, որ ընտրությունների օրը հոկտեմբերի 27 կամ 31-ը նշանակելու ժամանակ ես այն պատճառով եմ ընտրել հոկտեմբերի 31-ը, քանի որ ցանկացել եմ երեք օրով հետաձգել իմ նախագահության ժամկետը: Ցանկանում եմ նրան ասել, որ օրենքում գրված է` նախագահության ժամկետը ավարտվում է նոր նախագահի երդումնակալությամբ, այդ օրը հստակ նշված է, և ես չեմ կարող դա փոխել անկախ այն բանից՝ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին, թե 31-ին»,- նշել է Սաակաշվիլին:

Նա հիշացրել է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններն էլ տեղի են ունեցել աշխատանքային օր և այնտեղ գրանցվել է ընտրողների ռեկորդային թիվ, այդ թվում նաև արտերկրում ապրող մասնակիցներ: Նախագահը հայտարարել է, որ ինքը կախված չէ ինչ-որ հստակ տարեթվից, այդ պատճառով հանդիպել է ԿԸՀ-ի նախագահի հետ և հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավարին հանդիպել ՀԿ-ների հետ և լսել նրանց կարծիքը կապված ընտրությունների օրվա մասին:

Այս հայտարարությունը Վրաստանի նախագահը կատարել է հուլիսի 3-ի երեկոյան, իսկ դրանից քիչ անց աշխատակզմի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդակցել է հասարակական կազմակերպությունների հետ, փոխանցել վերջիններիս կարծիքը Սաակաշվիլիին, և նախագահը որոշում է ընդունել փոխել ընտրությունների օրը և նշանակել հոկտեմբերի 27-ին: