Ադրբեջանը տեղեկություն է տարածել, թե Ակնայի ուղղությամբ ունի զոհ՝ հայկական զինուժի դիպուկահարի կրակոցի հետեւանքով: Պաշտոնական Ստեփանակերտը հերքել է այդ տեղեկությունը: Պաշտպանական բանակը հորդորել է Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվությամբ իրավիճակը սրելու փորձից:
Ադրբեջանի համար դա թերեւս բարդ է: Մայիսի 30-ին Բաքու են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք մինչ այդ Հայաստանում էին, իսկ հետո այցելել էին Արցախ: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:
Հավանական է, որ Մինսկի խմբի համանախագահները ռեգիոնալ այցի շրջանակում փորձում են կազմակերպել Փաշինյան-Ալիեւ այն հանդիպումը, որի մասին օրեր առաջ ակնարկել էր Հայաստանի արտգործնախարարը, ասելով, որ Վաշինգտոնում հնարավոր է այդպիսի հանդիպում, բայց պետք է սպասել հրավիրող կողմի հստակ խոսքին:
Մինչ այդ Ադրբեջանն էր խոսել Վաշինգտոնում հնարավոր հանդիպման մասին, բայց դարձյալ՝ արտգործնախարարների մակարդակով հանդիպման: Երեւանն ու Վաշինգտոնը զուսպ էին մեկնաբանության հարցում: Շաբաթներ անց եղավ Հայաստանի արտգործնախարարի խոսքը այն մասին, որ Վաշինգտոնում հնարավոր է Փաշինյան-Ալիեւ հանդիպում:
Դա նշանակում է օրակարգի ավելի բարձր մակարդակ, ինչից Ադրբեջանն ըստ երեւույթին խուսափում է: Դրա վկայությունը կարող էր լինել այն, որ Բրյուսելում, ուր ապրիլի 12-ին Փաշինյանն ու Ալիեւը մեկնել էին ԱլԳ 10-ամյակի հանդիսավոր ընթրիքի, եղել էր կարճատեւ շփում:
Այն, որ Վաշինգտոնի օրակարգը Բաքվի համար կարող է ոգեւորիչ չլինել, հուշում են նաեւ անցնող օրերին Ալիեւին հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու ուղերձները՝ մեկն Ադրբեջանի անկախության տոնի առիթով, մյուսը՝ էներգետիկ միջազգային համաժողովի: Թրամփը դրանցում խոսել էր Բաքվի էներգետիկ կարեւորության մասին, միաժամանակ ակնարկելով դրա համար ռեգիոնալ կայունության կարեւորությունը: Արցախի վերաբերյալ Թրամփը ընդամենը հիշատակել էր, որ ողջունում է կարգավորման գործընթացում Ալիեւի «անձնական» ներգրավվածությունը: Ըստ երեւույթին, դրանով ԱՄՆ նախագահը նաեւ ակնարկում էր, որ Ալիեւին չի ստացվի խուսափել պատասխանատվությունից, այդ թվում ռեգիոնալ կայունության համար:
Ադրբեջանի նախագահի համար վերքի վրա աղ ստացվեց Եվրոպայի Լիգայի եզրափակիչը, քարոզչական հաղթանակի փոխարեն վերածվելով միջազգային խայտառակության, ընդ որում բոլոր՝ թե քաղաքական, թե մարզական մակարդակներում: «Այդքան երկար ճանապարհ կտրելուց եւ «Այսքան մեծ ճանապարհ ես կտրում, որպեսզի եվրոպական մրցաշարի եզրափակիչ նայես և նույնիսկ երբ զբաղեցնում ես քո տեղը տրիբունայում, այնպիսի տպավորություն է, որ ավելի մոտ ես քո տանը, քան մարզադաշտին», Բաքվի Օլիմպիական մարզադաշտում տեղի ունեցած Եվրոպայի Լիգայի Չելսի-Արսենալ բրիտանական եզրափակչի վերաբերյալ գրել է համաշխարհային ֆուտբոլի վետերան-աստղերից մեկը՝ անգլիացի Հարի Լինեկերը:
Բաքվի եզրափակիչը չունեցավ մարզա-քաղաքական քննադատության եւ հեգնանքի պակաս, իսկ Մխիթարյանի անունը կրող համազգեստով երկրպագու-զբոսաշրջիկները դարձան Բաքվի ոստիկանության գլխացավանքը:
Ադրբեջանի նախագահն այդ իրավիճակում է ընդունում Մինսկի խմբի համանախագահներին, եւ լիովին հասկանալի է, թե ինչու է նրան պետք իբրեւ թե հայկական կրակոցից ունեցած զոհի պատմությունը: Դա միակ բանն է, որ նա կարող է ներկայացնել համանախագահներին որպես փաստարկ: Առավել եւս, որ ի տարբերություն հինգ տարվա վաղեմության, 2019-ի մայիսի 29-ին էլ Ղազախստանի մայրաքաղաքում որեւէ մեկը Հայաստանի վարչապետի երեսին չբացեց Ալիեւի նամակը: Հիմա թե ժամանակը, թե անգամ այդ մայրաքաղաքի անունն է ուրիշ, Աստանան այլեւս Նուր-Սուլթան է, որովհետեւ Նուրսուլթանն այլեւս նախագահ չէ, եւ Հայաստանի վարչապետի հետ զրույցում նույնիսկ արդարանում էր նախագահ եղած տարիներին որոշ քայլերի, եւ թերեւս Հայաստանի դեմ ընթերցված նամակների համար:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am