ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Բուզանդ թաղամասի բնակիչները հայտարարում են` հայաստանյան իշխանությունները իրենց խաբել են եւ չեն ցանկանում կատարել պայմանագրով նախատեսված դրույթները: Խնդիրը նրանում է, որ մոտ տասը տարի առաջ Կառավարության համապատասխան որոշմամբ իրենց տարածքը պետության կողմից ճանաչվել է գերակա շահ եւ օտարվել, իսկ իրենց խոստացվել է կարճ ժամկետում նոր բնակարան հատկացնել: «Ինչ են մտածում, կործանվելու է էս երկիրը, էկել են հատուկ կործանելու էս երկիրը Սերժն ու Քոչարյանը: Ամբողջ կենտրոնը հայաթափ արեց Քոչարյանը, Զախարյանը, ասում էին գնացեք, որտեղ ուզում եք ապրեք, այ տենց հայաթափ են անում երկիրը»,- կայքի հետ զրույցում ասել է Բուզանդ թաղամասի բնակչուհիներից մեկը` Լարիսա Ներսիսյանը: Բուզանդ թաղամասի բնակիչների խոսքերով` ամեն անգամ իրենց խոստումներ են տալիս, սակայն պետական ոչ մի կառույց չի ցանկանում զբաղվել իրենց խնդրով եւ արդեն տասը տարի ապրում են թափառականի կարգավիճակով: «Որեւիցե մի խոստում կատարվե՞լ է, որեւիցե մի լավ բան այս ժողովրդի համար կատարվե՞լ է, իհարկե, չի արվում: Քոչարյանը, Զախարյանը եկան որոշում կայացրեցին, որ շատ կարճ ժամանակահատվածում` ձմեռվա կեսին` փետրվար ամսին, ընդամենը հինգ օրում մարդիկ պետք է իրենց սեփականությունը ազատեն, որովհետեւ պետական գերակա շահ գոյություն ունի»,- ասել է թաղամասի բնակչուհի Լիա Արամյանը: Ըստ նրանց` տարիներ առաջ իրենց հանդիպել է նաեւ այն ժամանակվա վարչապետ, ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանը եւ խոստացել, որ խնդիրը կարճ ժամկետում լուծում կստանա: «Հիմա ոչ մեկը` ո´չ վարչապետը, ո´չ քաղաքապետը, ո´չ նախագահը չեն ցանկանում մեզ լսել եւ ընթացք տալ մեր բողոքին, քանի որ մենք պահանջում ենք փոխհատուցում մեր սեփականության համար»,- ասել են բնակիչները: Նրանք հայտարարում են, որ իրենց թալանել են եւ հիմա չեն ցանկանում որեւէ քայլ ձեռնարկել: «Մեզ խաբեցին, հանեցին, քցեցին դուրս, ոնց կարելի է, ուրեմն պրեզիդենտը կարգադրի մարդկանց ծեծելով դուրս հանեն: Վերջը մենք եկել ենք, որ մեր փոխհատուցումը տան կամ էլ բնակարանով մեզ ապահովեն: Խայտառակ վիճակ է, մենք տասը տարի էլ փողոցում ենք, բայց ոչ մեկը մեզ չի լսում»,- մեզ հետ զրույցում ասել են բնակիչները: «Խաբեություն է, էս երկիր չի: Առանց ամաչելու հայտարարում են` ինչի՞, պարտադիր է, որ կենտրոնի բնակիչները անպայման կենտրոնում ապրեն, այո´, կենտրոնի բնակիչը կենտրոնում պետք է ապրի: Ախր սենց ապրել հնարավոր չէ, էս երկիրը թալանչիների երկիր է, մենակ կլանները իրենց գրպաններն են լցնում ու ժողովրդին սենց խեղճացրած պահում են: Քոչարյանը իրա մեծ տղու հետ գնացել է, մի հատ առյուծ ա խփել` քսան հազար դոլար իրա հաճույքի համար տվել է, որտեղի՞ց էդ փողերը, դրանք սաղ մեր փողերն են: Քոչարյանը մեզ «քցեց», հիմա էլ առյուծ է խփում»,- հայտարարել են մայրաքաղաքի Բուզանդ թաղամասի բնակիչները:
Կարդացեք այստեղ.