Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը քիչ առաջ ժամանեց Երեւան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Նրան դիմավորել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ազնավուրը կմասնակցի փառատոնի բացման արարողությանը եւ Հայաստանում կմնա մինչեւ հուլիսի 9-ը, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Բացի դրանից, շանսոնյեի մասնակցությամբ Երեւանի՝ իր իսկ անունը կրող հրապարակում կկայանա Ազնավուրի անվանական աստղի բացման արարողությունը: Ազնավուրն իրեն դիմավորող լրագրողներին տեղեկացրել է, որ մտադիր է այսօր զբոսնել քաղաքում, ինչից հետո կկիսվի իր տպավորություններով:

Այս տարվա «Ոսկե ծիրանը» կբացվի 1960թ. նկարահանված ֆրանսիական «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմով, որում գլխավոր դերը խաղացել է Շառլ Ազնավուրը: