Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների՝ ես երբեք արդարադատությանը չեմ միջամտել»,- այսօր՝ հունիսի 14-ին. դատարանում հայտարարել է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամբաստանյալ Քոչարյանը լկտիաբար ստում է:
Այս առնչությամբ ուզում եմ հիշեցնել մի դրվագ Ռոբերտ Քոչարյանի «հերոսական» անցյալից՝ հեռավոր 2000 թվականից, որպես ակնառու օրինակ, թե ինչպես էր նույն այդ Ռոբերտ Քոչարյանը ճնշում գործադրում դատարանի վրա (դատավորին ուղղված սպառնալիքի՝ որդու՝ ավտովթարից զոհվելու մասին դրվագը, վերջերս իմ գրքից մեջբերել և հրապարակել էր Լիզա Ճաղարյանը, այնուհետև այն հրապարակվեց armtimes. com կայքում):
Պատմում է Վանո Սիրադեղյանի դատապաշտպան Վանյա Սուքիասյանը. «Դատավորը մի օր ասաց՝ Վանյա ջան... (դե, ես որ գնում, իր աշխատասենյակում նստում, զրուցում էինք՝ փսփսալով էինք խոսում, որ չգաղտնալսեն), վիճակս լավ չի, երկու քարի արանքում եմ... Հարցրի՝ լսիր, թերթում գրած էր, որ Քոչարյանի մոտ խորհրդակցություն է եղել, ու Վանոյին կալանավորելու հանձնարարություն է տվել, տեղյա՞կ ես: Ասաց՝ լսիր, ինձ էլ էին կանչել, ես էլ եմ նրանց հետ գնացել, բայց ինձ ներս չտարան, ինձ թողեցին դուրսը, իրենք մտան, բայց թե ինչ են խոսել, ինչ է հանձնարարել՝ ինձ չեն ասել...»:
Սուքիասյանը նաև հիշեցնում է, որ այս մասին գրվել է նաև մամուլում: Ահա. «Առավոտ» թերթի փետրվարի 12-ի համարի առաջին էջում տպագրվել է «Նախագահը չի՞ միջամտում դատաքննությանը» վերնագրով հետևյալ հրապարակումը. «Տարբեր աղբյուրներից «Առավոտի» ստացած տեղեկությունների համաձայն, օրերս Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են արդարադատությունն իրականացնող մի քանի մարմինների ղեկավարների։ Նրանց խիստ հրահանգվել է, որ դատարանում փետրվարի 14-ին լուծվի Վանո Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու և կալանքն ընտրելու հարցը, անկախ նրանից՝ դա օրենքո՞վ է, թե՞ ոչ»։

...Փաստական այս տվյալները մեջբերում եմ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքից»: