Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու որոշումը։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայացած նիստի ժամանակ հայտնեց դատավոր Նարինե Հովակիմյանը։
Մանվել Գրիգորյանն այսօր էլ ներկա չէր որոշման հրապարակմանը` առողջական վիճակից ելնելով։ Նա այժմ «Նաիրի» ԲԿ–ում է. հունիսի 14–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:
Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել էր Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝ դրա չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Օրերս Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»` նրա կամքին հակառակ, ինչի հետ կապված էլ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ–ի հունիսի 19-ին։
Read more: https://armeniasputnik.am/armenia/20190618/19194892/manvel-grigoryany-kmna-kalanqi-tak-veraqnnich-qreakan-datarany-voroshum-kayacrec.html