Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, իմ հանդեպ, մեր տխրահռչակ չինովնիկների կողմից կիրառված անօրինականությունների հարցը հասավ Ազգային ժողով... Կարծում եմ ժամանակն է, ինչպես մեր լավ ընկերն էր գրել, դադարեցնել որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես ողնուղեղային ռեֆլեքսներով...
Հատուկ շնորհակալություն Միքայել Զոլյանին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն Ազգային ժողովում կառավարության հետ այսօր տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց պետական գերատեսչությունների միջև ներդաշնակ աշխատանք ապահովելու մասին։
«Կոնկրետ մի դեպք բերեմ, որը վերաբերում է հասարակության մեջ բուռն քննարկումների արժանացած թեմային՝ պատվաստումներին։ Մի դեղամիջոց կա, որի անունը ես հիմա չեմ տալիս, կհասկանաք, թե ինչու»,- ասաց նա՝ նշելով, որ ինչպես հայտնի է, մեր կառավարությունը պապիլոմա վիրուսի դեմ ծրագիր է իրականանցնում։ Եւ առողջապահության նախարարությունն ակտիվորեն աշխատում է, որպեսզի մարդկանց բացատրեն, որ այն մտահոգությունները, որոնք կապված են պատվաստումների հետ, անհիմն են, որևէ խնդիր չկա։
«Բժիշկ և հաղորդավար Վահե Տեր-Մինասյանը խոսում է հեռուստատեսությամբ այդ ամենի մասին, ինչից հետո նրա դեմ վարույթ է հարուցվում, և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նրան տուգանում է, որովհետև ասում են, որ նա գովազդել է այդ դեղամիջոցը։ Չնայած որ այդ դեղամիջոցը դեղատներում չի վաճառվում, և գովազդի խնդիր չի կարող լինել»,- նշեց նա։
Պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյոք ինչ-որ բան կարելի՞ է անել, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան։
«Ի վերջո սա կառավարության ծրագիրն է, և կառավարության տարբեր գերատեսչությունների գործողությունները պետք է ներդաշնակ լինեն, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան։ Հատկապես, երբ գործ ունենք մի դեպքի հետ, երբ մարդը փորձել է իր ներդրումն ունենալ կառավարության այդ ծրագրի մեջ, և պետական մարմնի կողմից պատժվում է դրա համար»,- նշեց Զոլյանը։
Նրա հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ստեղծված իրավիճակն աբսուրդ անվանեց։
«Ձեր բարձրաձայնած իրավիճակն ուղղակի աբսուրդ է կարծում եմ, և մենք շուտափույթ միջոցներ կձեռնարկենք՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև առաջին անգամ եմ լսում սրա մասին»,- նշեց փոխվարչապետը»։