ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կարծում է , որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Մինսկի խմբի շրջանակում ընթացող այսպես կոչված «բանակցային գործընթացի» այս փուլում ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ կողմի մասնակցությունը պարտադիր չէ, քանի որ այդ բանակցություներում հարցի լուծման որեւէ հեռանկար դեռ չի ուրվագծվում: Այս մասին վարչապետը հայտարարել է այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչների եւ նվիրատուների խմբի հետ հանդիպմանը: ԼՂՀ կառավարության ղեկավարը պատասխանել է «Նոր Յառաջ» թերթի թղթակցի հարցերին,-այս մասին գրում է karabakh-open.info:

Արա Հարությունյանի խոսքով՝ հարցի լուծումն այնքան հեռու է, որ բանակցությունները առայժմ ձեւական բնույթ են կրում, եւ դրանց այսօրվա միակ արդյունքը տարածաշրջանում խաղաղության պահպանումն է: Վարչապետը հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ հայկական կողմի այն դիրքորոշումը, որ հակամարտության լուծումն առանց ԼՂ մասնակցության անհնար է, լրացնելով, որ Ստեփանակերտը, հակամարտության լուծման վերաբերյալ իր դիրքորոշումը մեկ անգամ չի հայտարարել եւ այն հայտնի է՝ թե ՄԽ-ի համանախագահներին, թե միջազգային կառույցներին: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, ըստ ԼՂՀ վարչապետի, հուշում են, որ առաջիկայում այդ գործընթացում որեւէ դրական տեղաշարժ չի լինելու։ «Բայց դա մեզ չի մտահոգում, մենք շարունակելու ենք զարգանալ, հետապնդելով մեր ազգային շահերը, ինչպես բանակցություններում, այնպես էլ այլ հարաբերություններում»,- ֆրանսահայերին հավաստիացրել է Արցախի վարչապետը:

Ըստ Արա Հարությունյանի՝ տարածաշրջանում ստատուս քվոյի դրական փոփոխությունը կարող է արտահայտվել միայն ԼՂՀ միջազգային ճանաչմամբ, եւ քանի դեռ դա տեղի չի ունենում, Արցախում փորձել են հարմարվել ստեղծված իրավիճակին` դրան հարիր քայլեր ձեռնարկելով, որոնք պետք է տվյալ պայմաններում երկրի զարգացումն ապահովեն: