2018 թվականի ապրիլի 23-ին տված հրաժարականից հետո, Սերժ Սարգսյանի լռությունը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, կամա թե ակամա որոշակի խորհրդավորություն էր ստեղծում քաղաքական տապալված ֆիգուրի շուրջ:
Խորհրդավոր լռությունը խախտեցին, Ռազմիկ Ամյանն ու Ավետ Բարսեղյանը, որոնք «շռնդալից» երգով ըստ էության խոսեցին, կամ երգեցին Սերժ Սարգսյանի փոխարեն:
Հայտնի կատարման վերաբերյալ երեկ հնչեցին բազմաթիվ մեկնաբանություններ և որևէ բան ավելացնելն այս պահին ուղղակի պատեհ չէ: Ընդունենք, որ ամենևին էլ զարմանալի չէր ստորաքարշության և քծնանքի դրսևորումը վերոնշյալ անձանց կողմից: Տարիներ շարունակ մենք ապրել ենք մի երկրում, որտեղ առաջ շարժվելու գլխավոր նախապայմանը սողալն էր:
Հայտնի երգի, հայտնի խոսքերը լսելուց հետո առաջին հարցը, որ ծագեց հետևյալն էր: Արդյոք 65 տարին բոլորած Սերժ Ազատիչը տեղյակ էր, որ իր պատվին նման ստեղծագործություն է գրվել: Արդյո՞ք նա է պատվիրել այս երգը: Հարցի պատասխանն ավելի քան հեշտ տրվեց:
Եթե նույնիսկ 65-ամյա երրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը չի պատվիրել «հանճարեղ» ստեղծագործությունը, ապա նա կամ իր կամակատարները պետք է հստակ գնահատական տային սոցիալական ցանցերը պայթեցրած կատարմանը:
Դա տեղի չունեցավ, ինչը խոսում է այն մասին, որ մատ եղած «լեգենդար շախմատիստին» ամենաևին էլ չի զարյացրել կատարումը: Ավելին, իր լռությամբ Սերժ Սարգսյանը խախտեց խորհրադավոր լռությունը երգելով մտքի Խորվիրապի և խոսքի Գանձասարի մասին:
Եվ որ ամենացավալին է, երգի ի հայտ գալը ցույց տվեց, որ տարիներ շարունակ մեր երկրում բարձր պաշտոններ զբաղեցրած անձը ունեցել է և ունի թերարժեքության կոմպլեքս: Սերժ Սարգսյանի հոգեբանական բարդույթները տարիների ընթացքում փաթաթված են եղել հասարակության վզին:
Ու հիմա մատ եղած գրոսմայստերի թիմի կողմից փորձ է արվում մարազմը հրամցնել մեզ: Սթափվեք ըկներներ, ձեր «թագավորը վաղուց արդեն ընկած է»: