Ոստիկանները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված «օրենքով գող», 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը (մասիվցի Անդիկ):
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ տարածք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 2-ին Երեւանում սպանվել էր «օրենքով գող»: Ժամը 23։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Հարությունյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել իր բնակության վայրից։ Սպանվածը քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ՀՀ ոստիկանության բոլոր օպերատիվ ծառայությունները ձեռնարկում են հնարավորը՝ առանձնապես ծանր հանցագործությունը արագ բացահայտելու եւ այն կատարած անձին րոպե առաջ հայտնաբերելու ուղղությամբ: