ՀՀ կառավարության որոշմամբ, պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում է տրվել մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող երեք երիտասարդի։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ քաղաքացի 3 տաղանդավոր երիտասարդների պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին։
Զինծառայությունից ազատված երեք երիտասարդները մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մուշեղ Ավետիսյանը, Գագիկ Վարդանյանն ու Միսակ Հարթենյանն են։
Մուշեղ Մեսրոպի Ավետիսյանը 2017 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի պարարվեստի ուսումնարանի «Դասական պար» բաժինը և ուսումնարանն ավարտելուց հետո հրավիրվել է աշխատելու Մոսկվայի պետական թատրոնի բալետային խմբում` որպես բալետի արտիստ, Վ. Մ. Գորդիևի ղեկավարությամբ։ 2018 թվականին վերապատրաստվել է Կրեմլի թատրոնում Ա. Բ. Պետրովի գլխավորությամբ, 2018 թվականի նոյեմբերի 1-10-ը վերապատրաստվել է Մոսկվայի Մեծ թատրոնում։
2019 թվականի մարտին ընդունվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ։
Գագիկ Աշոտի Վարդանյանը 2019 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրիատի վոկալի բաժինը։ Որպես բացառիկ տաղանդ ունեցող օպերային երգիչ գրանցված է «The Best ones in Education» հանրագիտարանում, որին կից ստացել է նաև ոսկե մեդալ և պատվոգիր։
Read more: https://armeniasputnik.am/armenia/20190704/19461280/taxandavor-eritasardnery-banak-chen-zorakochvi.html