Սյունիքի մարզի քաղաքապետերը կարծում են, որ Վահե Հակոբյանին որպես Սյունիքի մարզպետ նշանակելու ընտրությունը այս պահին ամենաճիշտ որոշումն էր:

Համայնքի ղեկավարները դրական են գնահատում այդ ընտրությունը և համոզմունք հայտնում, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի համայնքների զարգացման համար:

Aravot.am-ը փորձել է այս հարցի շուրջ զրուցել Սյունիքի մարզի բոլոր քաղաքային համայնքների ղեկավարների հետ և լսել նրանց տեսակետներըը: Կայքը զրուցել է Կապանի, Քաջարանի և Մեղրու քաղաքապետերի հետ, իսկ մյուս քաղաքապետերի հետ կապվել դեռ չի հաջողվել, նրանց տեսակետները կներկայացվեն առաջիկայում:

Քաջարանում մեծ ուրախությամբ են ընդունել վերջին լուրը, մեկը մյուսին շնորհավորում են, ու մեծ տոն համարում, որ հենց իրենց քաղաքում, իրենց միջավայրում մեծացած անձնավարությանն է կառավարությունը վստահելու մարզպետի պաշտոնը:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի խոսքով՝ ԱԺ պատգամավոր Վ. Հակոբյանը ծանոթ է տեղի խնդիրներին, տիրապետում է իրավիճակին, մշտական շփումների մեջ է և ոչ միայն կշարունակի նախկինում մեկնարկած ծրագրերը, այլև նոր զարգացման ծրագրեր կարվեն մարզում: «Ես համարում եմ, որ Վահե Հակոբյանի նշանակումը՝ մարզպետի պաշտոնում, դա ՀՀԿ-ի նաև նախագահի ու կառավարության ճիշտ որոշումն է: Ամենակարևորն այն է, որ Վահեն ծնվել է մի ընտանիքում, որը ՀՀ տնտեսության և ընդհանրապես մեր նորանկախ պետության, պետականութան հաստատման մեջ մեծ դերակատարում ունի: Այստեղ շատերը կշեշտեն, որ ինքը Մաքսիմ Հակոբյանի որդին է, միգուցե ինչ-որ ակնարկ անելով, բայց ես լիարժեք կարող եմ ասել ու համոզված եմ, որ այն գործարար հատկությունները, ինչպես նաև հայրենասիրությունն ու մարդամոտությունը, որ ծնողներից է ժառանգել (ինչպես ժողովուրդն է ասում՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում) և մենք դա տեսել ենք, կարող է միայն նպաստավոր լինել մարզի զարգացման համար», – նշել է Քաջարանի քաղաքապետը և հավելել, որ սա նաև կուսակցության դիրքորոշումն է տարածաշրջանի զարգացման հեռանկարի հետ կապված:

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում: