ՀՀ ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում տեղի բնակիչ ֆերմերը 2011 թվականից բռնություն գործադրելով, մի աղջկա պահել է գոմում ու ստիպել անվճար աշխատել: Ոստիկանության մամուլի ծառայությունը նաեւ նշել է, որ թրաֆիկինգի դեպքը բացահայտվել է:
Ոստիկանության մատնանշած համայնքներից մեկումը Շիրակի մարզի Մարմաշենն է, ֆերմերն էլ նույն գյուղի բնակիչ Ռուբեն Թորոսյանը, մի աղջիկն էլ՝ Աստղիկ Հարությունյանը:
Համայնքապետ Կարեն Արշակյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, զարմացած է տարածված տեղեկատվությունից, քանի որ Աստղիկն իրենց գյուղում ապրել է ազատության մեջ այնպես, ինչպես բոլորը: Բոլորին տես ու ճանաչ է եղել, ոչ մի թաքուն ու գաղտնի կյանք չի ունեցել:
«Ինքը երբեք բռնության չի ենթարկվել, փակի տակ չի մնացել, մնացել է էստեղ շատ սիրով, իր ցանկությամբ, աշխատել է որպես չոբան: Բայց հմի ինչ-որ տարել են Գեղարքունիքի մարզ, թե Սեւան, զանգել են, ճշտել են, որ ընդեղ է, ընդեղ չոբան կաշխատի էլի երեւի: Բայց ստեղ էլ նույն չոբանությունը կար, իրան լավ պայմաններ կար, թե ընչի է գնացել, չիդենք»,-ասաց Մարմաշենի համայնքապետը:
Ուր է գնացել հարցի պատասխանը չունի նաեւ ֆերմեր Ռուբեն Թորոսյանը: Ասում է՝ հունիսի 18-ին կամ 19-ինն տուն է եկել, մորից իմացել, որ Աստղիկը տանը չէ, գնացել է: Այլ բան տղամարդուն հայտնի չէ: «էդ օրն էի եկել, մերս առավոտ ըսավ, որ չկա Աստղիկը: Ինքը մենակ է եղել, ում հետ էրտար: Թե հմի ինքն իրան է գնացել, թե իրա հետ մարդիկ են եղել, որ տարել, ըդիկ արդեն իրանք գիտեն»:
Ո՞վ է Աստղիկը: ՀԺ-ի հարցին ի պատասխան Ռուբենն ասաց՝ մեր աշխատողը: Հետո պատմեց, որ 8 կամ 10 տարի առաջ, ստույգ չի հիշում թե երբ, հանդիպել են Շուռաբատում, որտեղ Թորոսյանն անասնապահությամբ է զբաղվել: Աստղիկն էլ նույն գյուղում մեկ այլ մարդու մոտ հովիվ է եղել: Եկել, Ռուբենին ասել է, չի ուզում նախկին ֆերմերի մոտ աշխատել, ցանկանում է, որ նույն գործն անի Ռուբենի մոտ:
«Ես էլ ըսեցի, եթե գուզես գաս, սաղ չոտկի, օրինական, ըսքան գումար կուտանք, ըսքան գործի դեմ: Եկել է մեր մոտը, 8-ից 10 տարի էլի, թիվը չեմ հիշե: Ամեն ամիս 40-ից 50.000 դրամ ենք տվել, 80 ոչխար է եղել, 8 հատ կով, որից 4-ը մերս է հետը կթել, էդ գործն էրել: Էդ է: Ինքը մեզի օգնել է: Ինքն ապրել է իմ տանս կողքը, իմ սեփական տանս մեջը: Սենյակն էլ կա, ամեն ինչն էլ կա: Ինքը շոր լվանալ չի գիտեցել, այ ըդպես լցած է ներսը, բուլուլ է էրած: Մենք միշտ առել տվել ենք: Ինքն իրան հաց չի կրցե սարքե, ուտե: Ինչ ես եմ կերել, նույնը ինքն է կերել, ինչ ես եմ ծխել, նույնը ինքն է ծխել, ես չեմ խմե, ինքը կխմեր»,-պատմեց Ռուբենը:
Աստղիկի անձնական կյանքից ֆերմերը շատ բան չգիտի: Ասում է, երեւի ամուսնացած չի եղել, հարազատ-բարեկամներ գուցե ունի, բայց երբեք չեն տեսել: Նրանցից մեկի մասին Աստղիկն է զրույցի ժամանակ պատմել:
«Ես չիդեմ ուրտեղից էր, կսեն Ախրքյալակի աղջիկ է եղել, բարեկամներ ուներ, բայց չեմ տեսել ես: Ես լսել եմ, որ անասունի հետ դաշտն է եղել, իրա հորքուրի աղջիկն եկել է, որ տանի ուրիշ տեղ աշխատի, ըսել է չեմ գա, որովհետեւ շուտ աշխատել եմ, դուք ընձի խաբել, փողերը կերել եք: Ինքն եկել, ըդիկ ընձի ըսել է, ու չի էլ գնացել: Հմի դե ճիշտ կսե, սուտ կսե, չիդեմ, ես չեմ հետաքրքրվե իրա անձնականով»:
Ռուբենն ասում է սուտ է այն ամենն ինչ ասվում է իր մասին: Աստղիկի նկատմամբ որեւէ բռնություն չի եղել, երբեք հովիվը փակի տակ չի մնացել: Ազատ կյանք է վարել, որ ժամին ուր ցանկացել գնացել, եկել է: Սեփական գումարն ինչպես ուզել, այնպես էլ տնօրինել է:
«Մեր մոտ ինքն ազատ ապրել է, մեր գյուղացոնց հետ ազատ շփվել է, սաղ իրան նորմալ նայե, տեր են եղել, սաղն էլ իրան գիտեն: Միլիցիայությունից էլ որ եկել էին, ես ըսել եմ, ան եկեք նկարեք, լուսամուտների ռուչկեքը դաժե ներսից են, դռան վրա կողպեք չկա, զամոկներ չկա, ինքն ազատ մտել, ելել է, խանութներ է գնացել, ինքն առեւտուր է էրել, ինքն իրա համար ապրել է: Էղել է, որ գիշերն 3-ին է տուն եկել, շուն է իրան գզել, ես իմացել եմ, դեղ եմ բերել, որ բան չեղնի: Եթե ինքը փակի տակ էր, ի՞նչխ է գիշերը 3-ին տուն եկել: Հարեւանի տունն է պերեդաչով գնացել հարսին տեսնելու, պարտքով փող է տվել հարեւանի հարսին: Ես իրան շատ պարտքեր եմ փակել, դե մարդ է, վերջը ստեղ ապրել է, եկել, ըսել են պարտք է, ես տվել եմ, ինքն աշխատել է: Իրա աչքի առաջը, ինքն է ըսել տուր: Ինքն իմ մոտս չի կրա ըսե, չի եղել, որովհետեւ ես կրնամ ապացուցեմ էս ամեն ինչը: Ես չիդեմ արդեն թե ընչի է ինքը ըդպես բաներ ըսել, եթե նստի կողքս, ես իրան հարցեր տամ, կբացատրե, կիմանանք: Էդ աղջիկը թող գա դեմերես էղնի: Մենք 10 տարի իրան երեխու պես պահել ենք: Մեր մոտը ինքը ավելի լավ կսե ով է պատճառը, ինչի՞ հմար է ըսպես ըսել: Կարող է իրան ըսել են, ինքը ըդպես կսե, բայց բնական է, որ նման բաներ չկան: Եթե կրնա ապացուցե, որ ըդպես բաներ կան, պրոբլեմ չկա, թող ապացուցե, մենք էլ մեր պատիժը կրենք»,- ՀԺ-ի հետ զրույցում վստահ հայտարարեց ֆերմեր Ռուբեն Թորոսյանը:
Վերջինս սպասում է ոստիկանների գործողություններին, որ հասկանա, թե ով կամ ինչի համար է նման պատմության մեջ իրեն ներքաշում: Ասում է թշնամիներ չունի, բայց պատկերացում էլ չունի, թե ում ձեռքի գործն է կատարվածը:
Աստղիկի անհետանալը Ռուբեն Թորոսյանին որպես ֆերմերի էլ է լուրջ վնասել: Նորածին գառներ կան, որոնք սատկել են: «Մենք ոչխար ենք պահել, ինքը գիտեր որ գառի ոչխարն է սատկած, էդ որբ գառին ուրիշ ոչխարի կուտար: Հմի ըդիկ մենք չիդենք, սաղ 20-22 հատ ես արդեն սատկըցրել, լորդել եմ դուրս, էդ վնասներն արդեն ունիմ»:
Ռուբեն Թորոսյանն Աստղիկ Հարությունյանից բացի այլ աշխատող չի ունեցել: Ասում է՝ Աստղիկի պայմանն է դա եղել: «Ընձի միշտ շեշտել է, եթե ուրիշ աշխատող բերեցիր, ես չեմ աշխատի, մենակ ես բդի էղնիմ: Դե որ մենք իրան ուշադիր էղնեինք, նայեինք: Ես ամուսնացած եմ ընտանիք էլ ունիմ: Թե ըսիգ ինչ շառ էր, ինչ հնդկական կինո են սարքե, չիդեմ: 10 տարի մարդն ինչղ կրնա իրա ըսածի պես փակի տակ ապրի»,-զրույցի ավարտին ասաց ֆերմերը:
Հիշեցնենք, ոչ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննության: Հանգամանքները պարզվում են:
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com