Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետի արդեն նախկին թեկնածու Ցոլակ Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում պարզաբանում է, թե ինչու է որոշել հանել իր թեկնածությունը և դուրս գալ համայնքի ղեկավարի մրցապայքարից։
Գրառման մեջ ասվում է.
«Երեկ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով Ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել, որպեսզի դադարեցվի Պռոշյան համայնքի ղեկավարի համար գրանցված թեկնածությունս:
Պռոշյանում ստեղծվել է լարված և պայթունավտանգ միջավայր. անվստահությունն ու անհանդուրժողականությունը խորը հիմքեր են ձեռք բերել: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումն ունեի: Կարող էի ստեղծված իրավիճակը շտկել, սակայն այս վիճակի հիմնական մեղավորները չկարողացան իրենց վրա պատասխանատվություն վերցնել և ընդունել, որ երկար տարիներ շարունակվող պայքարից տուժվել և տուժվում են համայնքի բնակիչները:
Դեռ ավելին, նրանք՝ այդ երկու բևեռները, շարունակեցին էլ ավելի խորացնել ստեղծված ճգնաժամային իրավիճակը` շեղելով բուն ընտրական գործընթացը, այն տանելով ոչ ընդունելի ուղղությամբ:
Նպատակին հասնելու համար այսօր կիրառվում են ընտրական ամենալկտի միջոցները՝ դավադրություն, փոխադարձ վիրավորանքներ, ձայն մուրալու անընդունելի գործողություն: Ընտրական գործընթացում այնպիսի միջոցների են դիմում, որից հետո անկախ թե ով կդառնա համայնքի ղեկավար, պարտավոր է որոշակի հարցերի պատասխան տալ, իսկ այդ միջոցներով ղեկավար դարձած անձը այլևս ձախողելու է:
Այդ ուժերը արմատացած խնդիրները լուծելու փոխարեն էլ ավելի են այն խորացնում: Ժողովուրդը սթափվելուց հետո նրանց չի ներելու: Երկու կողմն է բարոյական մահ են ունենալու, և սրանից հետո միայն համայնքը կունենա կայուն զարգացում:
Նրանք դեմ գնացին ընդհանուր շահին և նախընտրեցին խմբակային շահը: Բարոյական մահը կլուծի այս խնդիրը միայն տարիներ անց:
Երբ առաջադրվեցի, միայն մի նպատակ ունեի` դուրս բերել համայնքը այս ճգնաժամային իրավիճակից, սակայն մյուս թեկնածուները գնացին այլ ուղղությամբ, իսկ ես կեղտի մեջ թաթախվել չէի կարող, և սա է պատճառը, որ ինքնաբացարկ եմ ներկայացրել:
Որոշ խորքային հարցերի կպատասխանեմ շուտով»: