«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել, այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով եւ օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով:
Բնականաբար, Փաշինյանը ներկայացրել է իրենց ընդհանուր թեզերը, թե ինչ «գծի» մեջ պետք է գործունեություն ծավալել ու չանցնել նախատեսված սահմանները:
Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են իշխանության ուժի ներկայացուցիչները: Մեր աղբյուրների պնդմամբ, նա մոտավորապես հասկացրել է, որ «մարդու խայտառակ եք անում, նայեք մյուս հանձնաժողովներն ինչ բովանդակային ու լուրջ նիստեր են անում, դրսից փորձագետներ հրավիրում»:
«Օրինակելի հանձնաժողովների առումով» խոսքն, ի դեպ, միայն ընդդիմադիրների ղեկավարածներին չի վերաբերում: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը գոհ է նաեւ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, պետական-իրավական հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից:
Փոխարենը, նույն աղբյուրների փոխանցմամբ, չափազանց դժգոհ է եղել արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի ու պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների աշխատանքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում