Վանա լիճը, Ուրմիան և Սևանը Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են, որոնցից երկուսը՝ Վան և Ուրմիա լճերն աղի են, Սևանը՝ քաղցրահամ: Սևանա լիճը գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Հայաստանի Հանրապետությունում, որը լեռնային կտրտված ռելիեֆ ունի, սակավահող, սակավանտառ երկիր է, բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, բնագոյացման գործոնները նվազ են ու սակավ, քայքայման գործոններն ակտիվ են ու թազմաթիվ: Սևանա լիճը բարձր լեռնային ամենամեծ քաղցրահամ լիճն է Կովկասում:

Առանց Սևանա լճի ՀՀ հոսքային ջրային ռեսուրսները կազմում են 7,4 մլրդ.մ3, որից մակերեսային ջրերի հոսքը՝ 6-7 մլրդ.մ3: Այս քանակության մոտ կեսը՝ 3-4 մլրդ.մ3 կարելի է ամբարել: Ջրամբարներում առայժմ կուտակվում է 1 մլրդ.մ3, որը հնարավորի 25 %-ն է, մյուս 75 %-ն արտահոսում է հարևան երկրներ: Այս թվերը պարզում են Սևանի դերը ՀՀ ջրային հաշվեկշռում: 1996 թ. դրությամբ Սևանի ջրային ռեսուրսները կազմել են մոտ 35 մլրդ.մ3, որը ՀՀ հոսքային ջրերի ամբողջ պաշարը գերազանցում է մոտ 5 անգամ, 35 անգամ գերազանցում է ՀՀ ամբարված հոսքային ջրերի ամբողջ պաշարը: Գյուղատնտեսական ոռոգելի հողերի միայն 40 %-ն է ապահովված ջրով, բնակավայրերից ջրի կայուն աղբյուրներ ունեն 255-ը, որոշ արտադրական ձեռնարկություններ օգտագործում են խմելու ջուր՝ տեխնիկական ջրի բացակայության պատճառով: Վերը նշված հանգամանքներով պարզվում է Սևանա լճի ջրային ռեսուրսների որոշիչ դերը ՀՀ ջրօգտագործման համար {1. Էջ 11.}:

Սևանի ջրահավաք ավազանը ձևավորվել է երկրակեղևի կառուցվածքի խզման գոգավոր կենտրոնական իջվածքում, որի եզրերով դեպի վեր են խոյացել Արեգունի, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնային բարձունքները: Այս լեռնազանգվածները բնութագրվում են յուրահատուկ՝ ցայտուն կտրտված ռելիեֆով, մեծաքանակ ջրային հոսքերի հուներով: Սևանա լիճը ձևավորվել է մոտ 100 հազար տարի առաջ հրաբխային ժայթքման պատճառով նշված գոգավորության հյուսիս-արևմուտքում՝ Պալեոհրազդանի հովտում լավայի կուտակման հետևանքով:

Սևանի գոգավորության երկարությունը կազմում է 120 կմ, լայնությունը՝ 70 կմ, որի ամենացածրադիր մասը զբաղեցնում է Սևանա լիճը: Տիրապետող են լավային սարավանդներն ու հրաբխային կոները: Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներից արտավիժած լավաները գոյացրել են քարքարոտ բլուրներ: Լավային հոսքերը տեղ-տեղ խորանալով լճի մեջ գոյացրել են հրվանդաններ ու ժայռոտ խորշեր; Սևանի գոգավորության արևելյան մասում կտրտված մակերևույթով ծալքաբեկորավոր լեռներ են՝ կազմված նստվածքային և հրաբխա-նստվածքային ապարներից: Այստեղ լեռնաշղթաները լճահայաց կողմում զառիթափ լանջեր ունեն, ջրբաժանը լճափից հեռու է 1-2 կմ: Հովիտները կարճ են, ոչ խորը և ունեն V-ձև ջրահավաք ավազաններ: Սևանի գոգավորությունում կուտակումային հարթավայրեր կան (Ձկնագետ, Գավառագետ, Արգիճի, Մասրիկ և այլ գետերի հովիտներում), առավել խոշորը Մասրիկի դաշտն է:

Ցանկացած ջրահավաք ավազան ձևավորվում է ջրբաժան բարձունքներով: Սևանա լճի ավազանի ջրբաժանները բնությունը ձևավորել է խիստ նպատակային՝ ջրի ամբողջ գոյացումն ուղղորդելով դեպի Սևանա լիճ: Արեգունի, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնաշղթաների ջրբաժան բարձունքների շնորհիվ ձևավորվել են մեծաքանակ ջրային հոսքերի հուները և ուղղորդվել դեպի լիճ: Թեև Արփա-Սևան ջրատարի վթարային կամ պլանային վերանորոգման դադարները պարբերական, տևական բնույթ են կրել, այդ ընթացքում Սևանա լիճը կարողացել է շնչել ջրահավաք ավազանի բնական ջրային հոսքերի՝ լիճը սնուցող զարկերակների միջոցով:

Սևանա լճի ջրահավաք ավազանը կազմում է 4891 կմ2, առանց լճի ջրային մակերևույթի՝ 3475 կմ2: Քսանութ գետեր ու գետակներ են լցվում Սևանա լիճ՝ 25,8 մ3/վրկ. միջին ելքով կամ՝ տարեկան ավելի քան 800 մլն.մ3 ծավալով: Սևանա լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը, որի բնական հոսքը կազմել է մինչև 110 մլն.մ3 (որից 60 մլն.մ3 ստորերկրյա): Մինչ մակարդակի արհեստական իջեցումը՝ 1933 թ. դրությամբ Սևանա լճի ջրային պաշարները կազմել են 58,5 մլրդ.մ3, մակարդակը՝ 1915,57 մ, առավել. խորությունը 98,7 մ, ավազանի մակերեսը՝ 1416 կմ2: Սևանի ջրահավաք ավազանը լճային համակարգի վրա ազդում է (ներգործում է) հիմնականում գետային հոսքի միջոցով: Լիճ լցվող 28 գետերից 24-ը լցվում են Մեծ Սևան, չորսը՝ Փոքր Սևան {2.}:

Սևանը սնուցող 28 գետերից ավելի խոշոր են Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կարճաղբյուրը, Մասրիկը, Դրախտիկը, Ձկնագետը: Հրաբխային վայրերում մակերևութային հոսքը սակավ է: Կան բազմաթիվ աղբյուրներ Գեղամա լեռների արևելյան լանջերին Գավառ, Լիճք բնակավայրերի մոտ, հանքային ջրերի ելքեր կան Ձկնագետի, Արգիճիի հովիտներում, Արտանիշ թերակղզում ու Մասրիկի դաշտում: Մինչ մակարդակի իջեցումը ջրի թափանցիկությունը կազմել է 21 մ, մակարդակի իջնելուց հետո՝ 11-15 մ է, վերջին տվյալների համաձայն ջրի պարզությունը 4,5 մ է {4.}: Մակարդակի մեկ մետրի բարձրացման համար անհրաժեշտ կլինի 1,3 մլրդ.մ3 ջուր {2. Հ.Գաբրիելյան}:

1962 թվին լճի մակարդակն իջել էր 15,7 մ, նկատվել են լճի ծաղկման երևույթներ: Սևան-Հրազդան ոռոգիչ-էներգետիկ համալիրով Հրազդան գետի արհեստական տարեկան միջին հոսքը կազմել է 700 մլն.մ3: Սևանի ջրի պահանջարկը նվազեցնելու նպատակով գործարկվեցին Երևանի, Հրազդանի ՋԷԿ-երը, և էներգետիկ բացթողումները Սևանից նվազեցին մինչև 120 մլն.մ3, իսկ 1977–ից հետո իսպառ դադարեցվեցին: Ոռոգման նպատակով ջրի բացթողումները մասնակի փոխարինվեցին Արարատյան հարթավայրի տեղական և ստորերկրյա ջրերով (Մխչյանի, Արևշատի, Ռանչպարի ջրհան կայաններ): Արդյունքում լճից ոռոգման նպատակով բացթողումները նվազեցին մինչև 370-380 մլն.մ3: Նշված միջոցառումներով 1981 թ. դադարեց լճի մակարդակի իջեցումը՝ 1897,0 մ նիշի վրա: 1991-1995 թ.թ. լճից ջրի էներգետիկ բացթողումները կազմեցին 4470 մլն.մ3, որի պատճառով լճի մակարդակն իջավ ևս 1,78 մ-ով {1. Էջ 21-27.}:

Սևանա լճի մակարդակի ինտենսիվ իջեցման հետ միաժամանակ մեծացել է կենսածին տարրերով լճի աղտոտվածությունը: Մինչ 1990 թ. Սևանի ավազանում գործող մոտ հիսուն արդյունաբերական և կոմունալ-կենցաղային ձեռնարկություններից մեկ օրվա ընթացքում լիճ է թափվել 40-60 հազ.մ3 կեղտաջուր: Սևանի ավազանում գործող նախնական մաքրման 12 և կենսաբանական 6 կայանների գումարային հզորությունը կազմել է 10 հազ.մ3: Սևանի ավազանում օգտագործվող հողերը կազմել են 242 հազ.հա: 1977-1990 թ.թ. ընթացքում Սևանի ավազանում օգտագործվել են շուրջ 34 անուն թունանյութեր, որոնցից տարեկան լիճ են լցվել 5,0-10,0 տ տարբեր թունաքիմիկատներ: Լիճը սնուցող գետերից ..մմմմմմմմվ Գավառագետը, Վարդենիկը, Մասրիկը աղտոտվել են ծանր մետաղներով: Գետային հոսքով ծանր մետաղների տարեկան մուտքը լիճ կազմել է մոտ 100 տ: Հրազդանով լճից դուրս է եկել տարեկան 40-50 տ ծանր մետաղ: Մինչ 1998 թ. լճում մեծ քանակություն են կազմել երկաթը և ցինկը {1. Էջ 33-35.}, հիմա՝ երկաթ, մոլիբդեն, վանադիում, ալյումին {7.}:

Ջրի մակարդակի անկման հետևանքով Սևանի էկո-համակարգը ծայրահեղ անհավասարակշիռ վիճակում է՝ 1-2 տարվա ընթացքում կատարվում են 50-120 տարվա փոփոխություններ: Մակարդակի 19 մետր անկումից հետո ներջրամբարային անցանկալի փոփոխություններ են կատարվել՝ լճի մակարդակի իջեցմանը համընթաց բարձրացել է ջրի ջերմաստիճանը, խախտվել է գազային ռեժիմը: Ջրահավաք ավազանից լիճ լցվող մեծաքանակ կենսածին, թունավոր տարրերը՝ համատեղվելով ներջրամբարային փոփոխությունների հետ, հանգեցրել են անթրոպոգեն էվտրոֆացմանը:

Հանրահայտ <Սպասիր Սևան, շունչ քաշիր Սևան, քո գիրկն է շտապում Արփան>երգը իրականություն է դարձել 1981 թ. հետո, երբ գործարկվեց Արփա-Սևան 48 կմ թունելը՝ լճի համար տարեկան ապահովելով 250 մլն.մ3 ջրի սնուցում: 1981-1990 թ. ընթացքում լճից տարեկան միջինը 360 մլն.մ3 ջրի բացթողումների առկայությամբ Սևանի մակարդակը բարձրացել է 1 մ՝ հասնելուվ 1898 մ նիշին, որի արդյունքում նույնիսկ էկոլոգիական վիճակի լավացում նկատվեց: Մինչ 1995 թ. Արփա-Սևան ջրատարով Սևան է հոսել 2729 մլն. մ3 ջուր {1. էջ 21.}: Սակայն 1991-95 թ. էներգետիկ ճգնաժամի պատճառով լճից ջրի բացթողումների ծավալը կազմեց 4470 մլն.մ3, և մակարդակը նորից իջավ՝ հասնելով մինչ այդ չդիտված 1896,75 մ {1. Էջ 52.}:

Փորձանքը մենակ չի գալիս՝ վթարայնության պատճառով հաջորդ տարիների ընթացքում Արփա-Սևան ջրատարը չի գործել, այն վերագործարկվել է 2003-ին, երբ լճի մակարդակը նախնականից 20 մ ցածր նիշի վրա էր: Սևանա լիճը սպասում, շունչ էր քաշում ջրահավաք ավազանի բնական հոսքերի՝ ջրատար զարկերակների շնորհիվ: 2006 թ. լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձրացավ 41 սմ, որից հետո մինչև 2010 թ. լճի մակարդակը բարձրանում էր տարեկան 25-35 սմ-ով: Արփա-Սևան ջրատարի սնուցումը լրացվել է նաև Որոտան գետի միջոցով՝ 2004 թ. Որոտան-Արփա ջրատեխնիկական հանգույցով Սպանդարյան ջրամբարից 21,6 կմ-ոց թունելով տարեկան 165 մլն.մ3 ջուր է հասել Կեչուտի ջրամբար: Այս ջանքերի շնորհիվ Սևանա լիճը խուսափել է Իրանի Ուրմիա լճի ճակատագրից (մենք՝ նույնպես): Հայկական լեռնաշխարհի Կապուտանի ջրազուրկ տարածքներում լայնածավալ աղային կուտակումներ են մնացել, վերափոխվել է կլիման, էկոլոգիական խնդիրները հանգեցրել են սոցիալ-տնտեսական ծանր հետևանքների {8.}:

Օգտակար կլինի, որ ՀՀ շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում ինչպես հարկն է ուսումնասիրեն Իրանի Ուրմիա լճի էկոլոգիական աղետի պատմությունը: Բացասական փորձն աչքի առաջ ունենալով՝ բնապահպան պաշտոնյաները վերջապես կձգտեն կանխել, նվազեցնել, մեղմել, սահմանափակել՝ կարգավորել նախագծերի անդարձելի, բարձր, զգալի ռիսկերը, նախաձեռնողներին ներկայացնել հիմնավոր բնապահպան պահանջներ, տրամադրել վտանգներից զերծ փորձաքննական եզրակացություններ: Այս գործելակերպը հրատապ ու գերակա է (ամենադյուրին պրոֆիլակտիկան է) Սևանի ջրահավաք ավազանի, Արփա, Որոտան գետավազանների, ամբողջ Հայաստան երկրի անվտանգության համար:


Խմելու, գյուղատնտեսական, էներգետիկ, արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջուրը պետք է համապատասխան որակ ունենա: Ուստի առավել կարևոր է Սևանա լճի քաղցրահամ ջրի, էկո-համակարգի վերականգնումը և ջրահավաք ավազանի ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Հեռանկարում Սևանա լիճը ոչ միայն Հայաստանի, այլև՝ հարևանների քաղցրահամ ջրի միակ աղբյուրն է: Սևանա լճի հիմնախնդիրը միջազգային հոգացողության ներքո է եղել մշտապես: Միջազգային դոնորները միջոցներ են հատկացրել արդյունավետ կառավարման, ջրի որակի բարելավման, քանակի ավելացման, կենսաբազմազանության և Սևան Ազգային Պարկի հզորացման, հոսքերի վնասազերծման ցանցի վերականգնման նպատակով: Իսկ որքանով են հատկացումները նպատակային օգտագործվել և ինչ արդյունավետությամբ ? 2015 թ. դրությամբ Սևանա լճի մակերեսը կազմել է 1240 կմ2, մակարդակը 1900,01 մ, լճի ջրային պաշարները՝ 33,2 մլրդ.մ3, առավելագույն խորությունը՝ 79,7 մ {4.}:

Պատմության թոհուբոհերում Հայկական լեռնաշխարհից մի քարեղեն բարձունք է մեզ մնացել: Սևանա լիճն այդ քարեղեն Բարձունքի դոնորն է, անվտանգության երաշխավորն է եղել դարեդար, հատկապես՝ 1933 թ. հետո, նաև՝ 1991-95 թ.թ. ճգնաժամի ընթացքում: Բայց մարդկային բազմամյա անտրամաբան, անհեռանկար գործունեության հետևանքով այդ դոնորը հիվանդ է սակավաջրությամբ և թթվածնի քաղցով է տառապում՝

· Որոտան-Արփա-Սևան ջրատարի տևական դադարները

· Կլիմայի փոփոխության պատճառով տաքացած միջավայրը, սակավ տեղումները

· Սևանի ջրահավաք ավազանի թեք լանջերի անտառազրկումը

· Լիճը սնուցող բնական հոսքերի աղտոտվածությունն ու թթվածնի քաղցը

բարձր ազդեցիկ գործոններ են նույնիսկ՝ առանց արդյունաբերության, որոնք մեծացրել են անդարձելի փոփոխությունների հավանականությունը: Հանգստյան գոտիների, բնակավայրերի, գյուղատնտեսական գործունեության հոսքերն ու թափոնները, ջրածածկ մերձափնյա ծառուտները լճում բազմապատկում են կենսազանգվածը, իսկ ձկների, հատկապես՝ սիգի, խեցգետնի անկանոն ու անխնա որսի պատճառով կենսածին տարրերը չեն սպառվում, ափերի անսահման կառուցապատումը խաթարում է լճի էկո-համակարգի հավասարակշռությունը,… Սևանի զարկերակները նույնպես՝ լիճը սնուցում են կենսածին իոններով, մետաղական տարրերով աղտոտված ջրով {7.}: Սևանի ջրահավաք ավազանը լճային էկո-համակարգի վրա ներգործում է բնական ջրային հոսքերի միջոցով, ուստի հարկ է բացառել բոլոր այն գործոնները, որոնք կվնասեն Սևանը սնուցող զարկերակներին: Բայց իրականում գործել է հակառակ տրամաբանությունը: Օրինակ՝ 2015 թ. փետրվարի 16-ին ՀՀ բնապահպան նախարարը հաստատել է դրական ԲՓ-09 փորձանք-եզրակացությունը՝ Բ.Ս.Է. ընկերությանը թույլատրելով Սևանա լճի հարավ-արևմուտքին հարող Վայոց Ձորի հյուսիս-արևմուտքում երկրաբանական հետախուզում կատարել՝ նավթի, գազի պաշարներ հայտնաբերելու նպատակով {5.}: Ջրբաժան սահմաններից մինչև լճի հատակը՝ Սևանա լճի և ավազանի բնութագրերը ցույց են տալիս, որ այս տարածքում չկան ածխաջրածինների գոյացման նախադրյալներ: Նավթ ու գազի գոյացումն անհնար է այնտեղ, որտեղ ժամանակն ու բնությունը ստեղծում են պեռլիտ, օբսիդիան, բազալտ, անդեզիտ, հրակայուն ապարներ ու քրոմիտներ {2.Գ.Գրիգորյան}: Բայց այս անհույս գործի ընթացքում դինամիտի և սեյսմիկ վիբրատորի միջոցով երկրի ընդերք ուղարկելով ձայնային ալիքներ՝ ընդերքի հետախույզները վտանգում են Սևանը սնուցող գետերի ջրագոյացման պայմանները:

Սևանա լճի ջրահավաք ավազանում 1978 թ. մարտի 14-ին ՀԽՍՀ մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ հիմնադրվել է Սևան Ազգային Պարկը: Այն բարդ կառուցվածքով պահպանվող տարածք է՝ բաղկացած Սևանի ավազանի տարբեր ֆունկցիոնալ գոտիներից, որոնց փոխադարձ ներգործությունն ապահովում է ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական կայունությունը: Սևան ԱՊ սահմաններում ի սկզբանե ընդգրկվել է 4850 կմ2 տարածք (որից 3650 կմ2 ցամաք, 1200 կմ2 ջրային մակերևույթ)՝ 1898-3597 մ բարձրությունների վրա {2. Գ.Սուխուդյան}: Սակայն գործող Սևան ԱՊ ՊՈԱԿ-ի www.sevanpark.am կայքում այլ թվեր են նշված՝ Սևան ազգային պարկը զբաղեցնում է ընդամենը 1473, 43 կմ2, որի գերակշիռ մասը՝ 1247, 58 կմ2 լճի հայելին է, 225,85 կմ2 ցամաքը, պահպանման գոտին կազմում է 3429,20 կմ2 {3.}:

Կարևոր է նշել Սևան ԱՊ տնտեսական գոտու տարածքները`Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիճի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա: Տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11.184 հա {3.}։ Այս տարածքներում թույլատրելի և հնարավոր են այն գործունեությունները, որոնք չեն հակասում կարգավորող օրենսդրությանը և չեն վնասում ջրահավաք ավազանի, նաև լճի որևէ կենսական գործոն: Իսկ 4850 և 1473,43 տարբերությունը հարմար սողանցք էր բնապահպան նախարարության պաշտոնյաների համար՝ ՀՀ օրենսդրության պահանջներն անտեսելու և ընդերք-օգտագործման նախագծերին բնապահպանորեն չհիմնավորված եզրակացություններ տալու համար: Այդ պատճառով լիճը սնուցող բնական ջրային հոսքերի և նրանց ջրագոյացման պայմանների նկատմամբ առաջանում են անդարձելի, բարձր, զգալի ռիսկեր, որոնք գործարկումից հետո հոշոտում են բնությունը: ԲՓ 09 եզրակացությունն սպառնալիք է Սևանա լիճը սնուցող Ծակքար, Արգիճի, Վարդենիս գետերի ջրագոյացման համար:

Հարկ է շտկել սխալը և ընդարձակել Սևան Ազգային Պարկի սահմանները՝ ընդգրկելով մինչև ջրբաժան բարձունքներ հասնող տարածքները, որը կհամապատասխանի Սևանի ջրահավաք ավազանի բնական սահմաններին ու ջրագոյացման ռեժիմին: Առավել խոցելի վայրերում սահմանելով արգելավայրի ռեժիմ՝ հնարավոր է սահմանափակել արգելավայրի կարգավիճակին հակասող ռիսկերն ու գործողությունները (նկատի ունենալ, որ բնապահպան հիմքի վրա կարգավորված ազգային պարկում բնապահպանությանը հակասող սողանցքերը չեն գործում): Ընդլայնելով բնական բարենպաստ ներգործությունն ամբողջ ավազանում, նվազեցնելով բարձր ռիսկերը (արգելակելով ընդերք-օգտագործման ցանկացած վտանգ), հնարավոր կլինի պահպանել Սևանի ջրահավաք ավազանի բնական ջրագոյացման կարողությունները:


Սևանա լճի տեսքը տիեզերքից {4.}
Այսօր ջրազուրկ Ուրմիա լճի աղային կուտակներից հողմերն աղային փոթորիկներ են առաջացնում, որի պատճառով մարդու կենսագործունեությունը հնարավոր չէ նույնիսկ՝ տասնյակ կիլոմետրեր հեռու: Ով կարող է մտածել՝ ինչի կհանգեցնի Սևանա լճի աղետը ? և ինչ տարածքներ ընդգրկելով ?, այնուհետև՝ ինչ հետևանք կլինի ?:

Ի գիտություն՝ 2019 թ. առաջին երեք ամիսների ընթացքում Մասրիկ, Սոթք, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերով Սևան են հոսել վանադիում, երկաթ, մոլիբդեն, ալյումին տարրերով, նաև՝ ֆոսֆատ, նիտրատ, ամոնիում իոններով աղտոտված, թթվածնի քաղցով ջրեր {7.}: 2019 թ. հուլիսի 17-ի դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է լցվել միջինը 0,633 մլն.մ3 /օր ջրի քանակություն, Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքով Սևանից բաց թողած ջրի քանակը կազմել է 1,661 մլն.մ3 /օր {6.}: Այնուհետև բարձր ջերմաստիճանն ու անձրևների պակասը, լճի ջերմային բալանսի խախտումը, մերձհատակային շերտի ակտիվացումը և ձկների, խեցգետնի բացակայությունը հանգեցրին ջրիմուռների աճին, ավելի ճիշտ՝ սպառողի հոգով մարդու փնթի գործելակերպը խթանեց ջրիմուռների զարգացումը (ջրի թափանցիկությունը 14 մետրից բարձրացավ մինչև 2 մ): Նշված իրավիճակում 2019 թ. շոգ հունիսին փոխարինեց տոթակեզ հուլիսը, որի ընթացքում թթվածնի քաղցով ու կապտականաչ ջրիմուռներով խեղդվող Սևանը մեն-մենակ դիմադրեց փորձանքին …առանց որևէ օգնության:

Այս ուր ենք հասել ? հայ մարդիկ որևէ կերպ չփորձեցին, որևէ գործողությունով, որևէ դրական քայլով չմեղմեցին աղետը, չօգնեցին երկիրը սնուցողին, անվտանգության երաշխավորին (միթե հնարավոր չէ որևէ վնասակար գործողություն սահմանափակել կամ՝ լճին թթվածին ներարկել): Ջրիմուռներով խեղդվող Սևանն այս օրերին մենակ է դիմակայում աղետին, մենակ է մենամարտում (իսկ ինչ սև անի ?) և … կարծես թե … հաղթում է: Սևանը շնչելու, ծփալու, փոթորկելու իր իրավունքն է նվաճում ու ժամանակ է տալիս, որ ուղղենք մեր սխալները: Ընդամենը հարկ է արագ հրաժարվել սպառողական ճնշումից, անհապաղ փրկարար քայլեր պլանավորել և արագորեն, միաժամանակ իրագործել՝

1. Սևանի ջրածածկ ափերի, ափամերձ հատակի, Սևանը սնուցող գետերի հունի, ջրատարի և ջրի մաքրման միջոցառումներ՝

1.1. Մաքրել լճի ջրածածկ ափերը և ափամերձ հատակը, հատկապես՝ Մեծ Սևանում;

1.2. Հետևողականորեն նպաստել Սևանը սնուցող 28 բնական հոսքերի մաքրությանը;

1.3. Որքան հնարավոր է՝ անասնապահությունը հեռացնել լճից և 28 գետահուներից;

1.4. Որքան հնարավոր է ապահովել բնակավայրերի կոյուղաջրերի վնասազերծումը:

2. Բարձրացնել Սևանի ջրի մակարդակը՝ նվազագույնը 6 մ (8 մլրդ.մ3 )՝

2.1.Անհապաղ հիմնավոր քայլերով ապահովել Սևանի սնուցումը՝ Որոտան-Արփա-Սևան ջրատարով տարեկան 415 մլն.մ3 ջրով;

2.2.Այլընտանքային տարբերակներով առավելագույն չափով նվազեցնել էներգետիկ, ոռոգման նպատակներով Սևանի ջրի օգտագործումը

2.3.Սևանից Հրազդանի հոսքը կարգավորել 0,3 մլն.մ3/օր առավելագույն սահմանում:

3. Նպաստել ջրագոյացման գործոնների բարելավմանը, բացառել ջրագոյացման նկատմամբ վտանգավոր, վնասակար գործոնները՝ ամբողջ ջրահավաք ավազանում (օրենսդրական բարեփոխումներով ու գործնական քայլերով), այդ թվում՝

3.1.Անտառապատել թեք լանջերը, հատկապես՝ բարձունքներում, ձորակներում, որտեղ բնական անտառներ են եղել (տնկել անտառկազմավորող տեսակներ՝ կաղնի, բոխի, սոճի, հաճարենի)

3.2.Սևան ԱՊ սահմաններն ընդարձակել մինչև լճի ջրահավաք ավազանի ջրբաժան սահմաններ վերանայել ԱՊ կառավարման պլանը՝ սահմանելով արգելավայրային հիմնավոր ռեժիմներ

3.3.Կազմել մոնիթորինգի պլան, հսկողությունը կազմակերպել ինքնաշխատ գրանցող-փոխանցող թվային սարքերի միջոցով:

4. Վերջնականապես դադարեցնել Ամուլ սարի հանքի շահագործման սպառնալիքը՝ առաջնահերթ կարևորելով միայն մեր երկրի՝ Սևանա լճի, Արփա, Որոտան գետերի, Ջերմուկի անվտանգությունը (հարկ է անտեսել, մերժել մեր անվտանգությունը խաթարող, մեր ազգային շահերին հակասող, վնասող միջազգային ծրագրերը, որոշումները, և նույն այդ միջազգայինները մեզ ճիշտ կհասկանան):

Այս՝ հիմնախնդրին համարժեք պլանավորված միջոցառումները նվազագույնն է, որ պարտավոր ենք հրատապ ձեռնարկել, արագ ու որակով իրագործել (արագությունը 21-րդ դարի բնութագիրն է): Համապատասխան կամքի և մտածելակերպի շնորհիվ, ժամանակի հրատապ ընթացքում, բազմափորձ մասնագետների հնարամիտ ջանքերը կենտրոնացնելով՝ կարող ենք նաև հարկավոր ֆինանսները հասանելի դարձնել և ուղղել մեր սխալները: Կարևոր է նաև հետևյալ հանգամանքը. – Միջազգային առաջադեմ հանրույթը և Սփյուռքը մեզ չեն հասկանա, չեն ների և չեն ընդունի, եթե մենք չնախաձեռնենք, հաջողությամբ չիրագործենք Սևանի կյանքը բարելավելու միջոցառումներ: Միջազգային առաջադեմ հանրույթը և Սփյուռքը նույնպես՝ մեզ կօգնեն բոլոր հնարավոր միջոցներով ու կարողություններով, եթե մենք նախաձեռնենք Սևանի առողջացման քաղաքականություն և իրագործենք այն:

Հիմա Սևանա լճի վերջին մենամարտն է: Հաջորդ անգամ Սևանը դիմադրելու, մենամարտելու ոչ մի հնարավորություն չունի, հաջորդ անգամն արդեն բնութագրվում է սոցիալ-տնտեսական ավելի ծանր՝ անտանելի հետևանքներով:

Սրբուհի Հարությունյան

էկո-փորձաքննության խորհրդատու

2019 թ. հունիսի 8-հուլիսի 19.