Հասարակական շրջանակներ, կազմակերպություններ, հանրային տարբեր շերտեր ավելի ու ավելի հաճախ են խոսում Հայաստանում իշխած համակարգին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին, հատկապես այն ներքաղաքական զարգացումների համատեքստում, որտեղ նոր իշխանության, այսպես ասած, գլխավոր դիմակայող ուժը ոչ թե նոր ընդդիմությունն է, այլ նախկին համակարգը:
Հեղափոխությունից հետո քաղաքական գնահատականի անհրաժեշտությունն իրապես առկա է, հաշվի առնելով այն, որ առկա է նախորդ համակարգի ուղղակի հանցավոր բնույթի վերաբերյալ հանրային գերիշխող կարծիք: Մյուս կողմից, սակայն, արդյո՞ք քաղաքական գնահատականն այստեղ լուծում է հարցը: Քաղաքական գնահատականն ինքնին կարող է հնչել, սակայն պետք է հասկանալ, թե ինչ իրավական կամ բարոյական հետևանք պետք է ունենա այն:
Իսկ այստեղ արդեն խնդիրը բարդանում է, որովհետև առաջանում է այդ հետևանքի համար անհրաժեշտ կոնկրետության հարց՝ նախկին համակարգ ասվածը սահմանելու համար, դրանում եղած բոլոր դետալները գնահատելու համար:
Ինչ սկզբունքներով է սահմանազատվելու նախկին համակարգի ոչ միայն շրջանակը, այլ նաև դրանում եղածների պատասխանատվության աստիճանն ու առաջնայնությունը: Օրինակ՝ ընտրակեղծարարության մասնակցած ուսուցիչը նախկին համակարգի «զո՞հ» է, թե՞ պատասխանատու:
Իսկ այդ հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ, որովհետև փորձենք հասկանալ՝ ի՞նչ կլիներ, եթե ամեն ուսուցիչ իր տեղում դիմադրեր: Եվ այդպիսի «ուսուցիչները», ամենատարբեր բնագավառներում, իսկապես շատ են: Մյուս կողմից քաղաքական գնահատական տալ լոկ մի քանի բարձրաստիճան անձանց, կնշանակի զբաղվել ինքնախաբեությամբ:
Ըստ այդմ, մենք կանգնած ենք բավականին լուրջ խնդրի առաջ՝ ո՞րն է մեխանիզմը, Հայաստանում առկա է մեխանիզմների վերաբերյալ լուրջ ճգնաժամ: Կա համընդհանուր հռետորաբանություն այս կամ այն բանն անել-չանելու վերաբերյալ, բայց կա այդ անելու և չանելու շատ հստակ մեխանիզմների ճգնաժամ՝ չի ներկայացվում որևէ հստակ մեխանիզմ, ինչպես ընդունված է ասել՝ ճանապարհային քարտեզ, գնահատման չափանիշներ, սանդղակ և այլն:
Դա չի ներկայացնում թե իշխանությունը, թե այլ սեգմենտները, որոնք դժգոհում են, որ իշխանությունը չի ներկայացնում: Թող չթվա տարօրինակ, բայց այդ մեխանիզմների բացակայության հանգամանքն օբյեկտիվ է, որովհետև հռետորաբանությամբ հանդերձ, ակնառու է, որ բոլորն ունեն «հրեշի» չափը, ծավալները որոշելու, սահմանելու, սահմանազատելու և, ըստ այդմ, պատասխանատվության սահմանները գծելու բարդություն:
Բավականին դյուրին է զուտ հռետորաբանության մակարդակում տալ հանցավոր համակարգի գնահատական, բայց իրավիճակը բարդանում է, երբ գնահատականին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ և պատասխանատվություն, իսկ դա արդեն պահանջում է շատ կոնկրետ մարդկային «նույնականացում»: Մյուս կողմից, այլ հարց է, որ հնարավոր է սկսել սուբյեկտային «նույնականացումից»՝ սահմանելով այն քաղաքական ուժերի շրջանակը, որոնք Հայաստանում իրենց պատասխանատու դերն են ունեցել հանցավոր համակարգի ձևավորման, կայացման և կենսագործունեության հարցում:
Նյութի աղբյուրը՝ 1in.am