SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ղ-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի 91 AC 999 համարանիշի ավտոմեքենայով Վ. Համբարձումյան փողոցում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել, որը քաղաքացիների օգնությամբ մարվել է։
Վթարի հետևանքով վարորդ Վիգեն Ղ-ն, նրա ուղևոր՝ Վարդենիսի բնակիչ, 22-ամյա Արկադի Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գալստյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


