Lragir.amը գրում է․ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանագծին հակառակորդի կրակոցից սպանվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Մի քանի օր առաջ այս հատվածում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր հայ զինծառայող: Երեւում է՝ Բաքուն անպայման ուզում էր հայ զինծառայող սպանել, եւ անպայման՝ այս հատվածում:
Մի քանի օր առաջ էլ հայկական բնակավայրի վրա կրակել էին Նախիջեւանից:
Հայաստանի իշխանությունն ասում է, որ կա օպերատիվ կապ Բաքվի հետ, եւ նման միջադեպերը քննարկվում են, փորձելով հասկանալ պատճառները: Միեւնույն ժամանակ, իշխանությունն ասում է, որ հայ ժողովրդի հետ հնարավոր չէ խոսել շանտաժի լեզվով: Սակայն Բաքուն շարունակում է այս քաղաքականությունը, քանի որ այլ անելիք չունի: Եվ ամենեւին կապ չունի՝ կա բանակցային գործընթաց, թե ոչ, այդ թվում՝ պատերազմի միջազգային արգելքը:
Մի կողմից, նախորդ տասնամյակներին «ավանդույթ» է ձեւավորվել, որ պետք է պահպանվի Բաքվի ղեկավարների դեմքը, եւ այսպես կոչված բանակցային գործընթացը փաստացի տեղի է ունեցել այդ տրամաբանությամբ, մյուս կողմից՝ դրան այլընտրանք է հռչակվել պատերազմը կամ «կատաստրոֆան», ինչպես ասում է ներկայիս ԱԳ նախարարը:
«Կատաստրոֆայի» բնույթն ու մասշտաբները տարբեր հարթություններում են՝ սկսած հայ զինծառայողների սպանություններից: Բաքուն շարունակելու է այդ քաղաքականությունը, անկախ բանակցությունների արդյունքներից ու ընթացքից, եւ դրանում թերեւս կասկածներ չպետք է մնացած լինեն: Բաքվին բանակցային գործընթաց պետք չէ, այլ՝ այդ ընթացքում իր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
Հայաստանը բանակցային գործընթացի անհրաժեշտությունը հիմնավորում է «կատաստրոֆայի» այլընտրաքով: Այս ընթացքում Ադրբեջանը տապալեց Դուշանբեի պայմանավորվածությունները, որից հետո հայտարարվեց նոր՝ Դուշանբե-2-ի մասին, հայկական կողմի ռազմա-քաղաքական կոշտ հայտարարությունների կոշտացման ֆոնին: Տավուշում հայ զինծառայողի սպանությունն ըստ էության վերջ է դնում նաեւ Դուշանբե 2-ին, եւ հիմա հասկանալի չէ՝ քանի Դուշանբեներ են հաջորդելու միմյանց:
Ադրբեջանի ամեն մի կրակոցը պետք է փաստարկ դառնա՝ ռազմա-քաղաքական նոր դիրքեր դուրս գալու համար, ընդ որում՝ խիստ կոնկրետ դրսեւորումներով: Դա հասկանալի կլինի բոլորի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2019/07/29/463326/