«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Շառլ Ազնավուրի Աստղի բացմամբ իր իսկ անվան հրապարակում և ապա շարունակվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` բացման պաշտոնական արարողությամբ: Իրադարձությանը ներկա էր ինքը` լեգենդար շանսոնիեն:

 Բացման ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ուղերձը: Հոբելյանական 10-րդ փառատոնը բացված հայտարարեցին տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ներկայացվեցին փառատոնի այս տարվա մրցութային ծրագրերը և ժյուրիի կազմը:

 Ողջույնի հատուկ խոսքով հանդես եկավ փառատոնի պատվավոր տնօրեն, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակ հանձնեց Ազնավուրին:

 Ողջույնի ելույթներով հանդես եկան «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարողները:

 Ցուցադրվեց Շառլ Ազնավուրի` 1963թ. Հայաստան կատարած այցի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը: Երեկոն ամփոփվեց մանկական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Ն.Գյուրջինյան)` Ազնավուրի հռչակավոր «Քեզ համար, Հայաստան» երգի կատարմամբ:

 Արարողությանը հաջորդեց բացման ֆիլմի` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը: