Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ Փաշինյանի հայտարարությունը, մինչև 2050թ․ 5 միլիոն դառնալու վերաբերյալ, քննարկման առարկա է դարձել, ամենևին պետք չէ մտածել, որ խոսքը բնական վերարտադրողականության մասին է։ Անշուշտ, խոսքը հայրենադարձության մասին է, որի նշաններն արդեն կան։
Վերջին տարիներին բազմաթիվ երկրներում հանգրվանած մեր եղբայրներն ու քույրերն անկասկած որոշում են ընդունելու վերադառնալ Հայաստան, հենց նկատեն, որ իրենց այնտեղի վիճակի ու այստեղ ուրվագծվող վիճակի տարբերությունն էական է։
Իսկ Հայաստանի դինամիկ զարգացման դեպքում այդպիսի հեռանկար է ստեղծվում այնպիսի երկրներում ապրող հայկական սփյուռքի համար, ինչպիսք են` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և միջինասիական հանրապետությունները։ Առիթ ունեցել եմ ասելու, որ այս ամենից զատ, բոլոր երկրներում աճող ազգայնականությունն ամենևին հաճելի չի լինելու այնտեղ ապրող հայության համար։ Կարագանդան դրա ծիծեռնակն էր։ Այս ամենին էլ ավելացրեք Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախները՝ Սիրիա, Լիբանան և այլն։ Այնպես որ, վարչապետի հայտարարությունն ամենևին ուտոպիայի շարքից չէ»։