Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան վարչական շրջանում երեկ՝ օգոստոսի 7-ին, հարեւանը թափառող շանը կրակելիս պատահական վնաս է հասցրել իր հարեւանությամբ բնակվող աղջկան։
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ երեկ՝ 11։30-ին, աջ ծնկան եւ կրունկաթաթային հոդի շրջանում օտար մարմնի ախտորոշմամբ Ստեփանավանի ԲԿ են տեղափոխել 2009 թվականի ծնված աղջկա։ Նույն օրը 11։45-ին կամովին բաժին է ներկայացել Կուրթանի բնակիչը եւ հանձնել հրազենը։
Նա պատմել է, որ իրենց տան բակում իր անչափահաս երեխայի վրա հարձակվել է թափառող շուն, եւ վնասազերծելու նպատակով իր որսորդական հրացանով 1 անգամ կրակել է շան ուղղությամբ, կրակոցից արձակված կոտորակից դիպել է իր հարեւանությամբ բնակվող տան պատշգամբում կանգնած երեխայի աջ ոտքին։
Հրազենը վերցրել են։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նյութեր են նախապատրաստվում։ NEWS.am-ի հետ զրույցում բժիշկներն աղջկա վիճակը գնահատեցին բավարար։