Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին:
Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամեն ինչ անելու ենք, որ ինքը նախ եւ առաջ չխոշտանգվի, առողջ լինի եւ հետագայում նաեւ հնարավորություն լինի նրան վերադարձնել: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք: Բոլոր ջանքերն ինչպես դրել, այդպես էլ շարունակելու ենք դնել դրա համար»:
Ըստ նրա՝ այս գործողություններին զուգահեռ տվյալ զորամասում, որտեղ ծառայել է Արայիկ Ղազարյանը, քննություն է անցկացվում.
«Քննություն կա ու քննությունը կպարզի շատ ու շատ հարցեր»:
Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը:
«Եղբայրը տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել ու ինքը նորմալ ծառայել է, վերջերս էլ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ցույց տալիս, որպես խոշտանգում, բայց դա իրականում բժշկական միջամտություն է: Ինչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը, մենք հակված ենք այն փաստին, որ ինքը մոլորվել է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ներկա պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: