Համարում եմ, որ Ադամը ավելի կա, քան շատ-շատ ապրողներ, նա անընդհատ իր ներկայությունն ապացուցում է: Այս մասին ասաց Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյանը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Նշենք, որ Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան:
«Այս տարի Ադամի ծնունդը համընկավ Սուրբ Աստվածածնի տոների հետ եւ այս օրվա հետ կապված էնքան գեղեցիկ հիշողություններ կան: Սկսած այն բանից, որ ամենամեծ ձեռքբերումը Ադամի ծնունդն էր օգոստոսի 19-ին, որն ինձ համար լրիվ այլ հարթության վրա էր գտնվում եւ ինձ համար կարծես մի արարողություն դարձավ»,- ասաց նա:
Տիկին Գայանեն նշեց, որ գիշերը տասներկուսից հետո բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, սակայն իր մեջ տպավորվել է մի կնոջ շնորհավորանք:
«Նա ասում էր, որ ես ունեմ 3 որդի, ես իրենց մեծացնում եմ շատ ազատ, այնպես, ինչպես կուզեր Ադամը: Ես չգիտեմ` ինչպես կուզեր Ադամը, բայց հավանաբար կինը ավելին է հասկացել: Ադամը եւ տղաները ավանդեցին մեզ ապահով կյանք, եւ Աստված մեզ այնպիսի խոհեմություն, զորություն տա, որ կարողանանք այդ ապահով հայրենիքը պահենք, պահպանենք, փայփայենք»,- ասաց հերոսի մայրը:
Ադամ Սահակյանի հայրն էլ՝ Խաչատուր Սահակյանը, նշեց, որ որդու մահը գիտակցված էր. «Գիտակցաբար կյանքը տվեց, ինքը էդ րոպեին, էդ ժամին հայրենիքին պետք էր: Լելե-թեփե բարձունքում 7 հոգով իրենք մինչեւ վերջին փամփուշտը պահել են եւ հնարավորություն են ստեղծել, որ գան երկրորդ գիշեր դիրքավորվեն, եւ վերջնականապես թշնամու ողնաշարը կոտրվել է»:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանը ՀՀ նախագահի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Արցախի նախագահը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ: