«Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան սրբազանի հրաժարականը բուռն արձագանքների պատճառ է դարձել։ Հիշեցնենք, որ անցած երկուշաբթի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի դիմում է ուղարկել էջմիածին։ Նշենք, սակայն, որ Նորվան սրբազանի ծառայության ավարտին դեռ մեկ տարի կար։ Ֆրանսահայ համայնքը շատ բուռն է արձագանքում սրբազանի հրաժարականին՝ դրանում մեղադրելով Մայր Աթոռին։ Որպես սրբազանի հրաժարականի հիմնական պատճառ՝ նշվում են կաթողիկոսի հետ ունեցած լարված հարաբերություններն ու նրա կողմից ֆրանսահայ թեմին մշտապես ներկայացված պահանջները։
Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամից փորձեցինք պարզել, թե, մասնավորապես, ինչ ճնշումներ նկատի ունեն ֆրանսահայ թեմի անդամները։ Վերջինս ասաց. «Ես այս պահին որևէ բան չեմ կարող մեկնաբանել, որովհետև առաջիկա օրերին Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվելու Մայր Աթոռում, որտեղ քննության կառնվի Նորվան սրբազանի հրաժարականի հարցը, և այդ ժամանակ անհրաժեշտ տեղեկատվությունն ամբողջությամբ կտրամադրվի։ Այս պահին չեմ մեկնաբանում ոչ մի բան, ոչ Նորվան սրբազանի հետ կապված, ոչ առանձին անհատների ասածները»։ Բայց, փաստորեն, ֆրանսահայ թեմն Էջմիածնին մեղադրում է ճնշումներ գործադրելու մեջ։ Դուք դրան չե՞ք արձագանքում։ «Ֆրանսիայի հայոց թեմը Հայստանյաց առաքելական եկեղեցու անբաժանելի մասն է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իշխանության նորքո։
Իսկ Մայր Աթոռի իրավասությունն է նաև իր թեմերից յուրաքանչյուրին թելադրել, թե ինչպես պետք է կազմակերպվի թեմական, ծխական կյանքը։ Մնացյալ մեղադրանքներն ինձ հայտնի չեն», –եղավ պատասխանը։ Տեր Վահրամի նշած «թելադրանքները» թերևս վերաբերում են Էջմիածնի մշակած նոր կանոնադրություններին, որոնք փորձում են պարտադրել թեմերին։ Էջմիածինը երկար ժամանակ փորձում էր Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն ևս պարտադրել նոր կանոնադրությունը, սակայն եկեղեցու հոգևոր խորհուրդը հրաժարվեց ընդունել այն։ Բանը հասավ դատական քննության։ Այդ ամենի արդյունքում Մայր Աթոռը հրաժարվեց Նիցցայի եկեղեցուց և ոչ առաքելական հայտարարեց այն, ինչն էլ բերեց համայնքի պառակտման»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։