Ստորև ներկյացնում ենք Սյունիքի մարզում իրանցիներին հող վաճառելու խնդրի շուրջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ «Ժողովուրդ»-ի հարզացրույցից մի հատված.
-Պարոն Խաչատրյան, ըստ իրանական լրատվամիջոցների` Թավրիզում Դուք և Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետն արդեն ստորագրել եք հուշագիր` Սյունիքի մարզի հողերի վարձակալության հետ կապված: Ի վերջո, ի՞նչ բանակցություններ են ընթանում:

-Նախքան այդ հարցը տալը ես ուզում եմ ծանոթացնել Հայաստանի հողային օրենսգրքին: Այնտեղ հստակ սևով սպիտակի վրա գրված է, որ ինչպես են այդ հողերը տալիս: Նախ` մենք օտարներին հող չենք վաճառում, երկրորդն էլ` այդ հողը համայնքային ենթակայության տակ է գտնվում, հողերի մեծ մասն արդեն վարձակալված է այս կամ այն գյուղացիների կողմից: Մարզպետն ինչքան էլ շատ ուզենա, չի կարող գնա, ասենք, գյուղաբնակներից վերցնի, ասի` ա´ռ, տալիս եմ Իրանի քաղաքացիներին: Դա հնարավոր բան չէ: Ուղղակի կառավարության հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել, որտեղ նաև էդ կա, ու տենց բազմաթիվ կետեր են առկա էդ հուշագրում: Եթե ես անգամ շատ ուզենամ էլ, չեմ կարող նման բան անել, առաջինը, որ դա գյուղացիներին է վարձակալության տրված, երկրորդն էլ` մենք այնքան անասուններ ունենք, որ մեր արոտավայրերն արդեն չեն հերիքում մեր անասուններին: Սյունիքի մարզում օր օրի անասնապահությունը շատանում է: Ու այդ հարցը փակված հարց է:
-Իսկ ե՞րբ է գործադիրում այդ տրամադրությունը սկսել իշխել. այն ժամանակ, երբ նժդեհյան գաղափարախոսությունը դավանող ՀՀԿ-ն մեղադրվեց Նժդեհի սիրելի Լեռնահայաստանը հանձնելու մեջ:

-Թող Ձեր մտքով չանցնի, որ ես իրանցիներին կարող եմ հող վաճառել, կարծում եմ` Դուք ինձ ճանաչում եք: Ես կռվել եմ ու չեմ կարող հող վերցնել, տալ իրանցիներին: Ես դեռևս քաղաքապետ եղած ժամանակ արգելել եմ, որ իրենք` իրանցիները, գան քաղաքում կանգնեն: Էն, որ գալիս են քաղաք, կանգնում են իրենց մեքենաներով, ես դա արգելել եմ իրենց: Հիմա ո՞նց կարող եմ իրանցիներին հող վաճառել: