ՀՀ կառավարությունը պարտավոր է 3 600 եվրոին համարժեք դրամ վճարել սեփական քաղաքացուն նրա իրավունքը խախտելու համար: Այսպիսի պահանջ է ներկայացվել ՀՀ-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013 թվականի փետրվարի 19-ին կայացրած վճռով:
Այս գումարը մինչև օգոստոսի 19-ը պետությունը պարտավոր է վճարել սեփական քաղաքացուն` Էմիլիա Մելիքյանին` դեռևս 10 տարի առաջ նրա իրավունքը խախտելու համար,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Բանն այն է, որ 1986-2005թթ-ին Էմիլիա Մելիքյանն աշխատել է «Պարեն» գիտաարտադրական և նախագծային ՊՓԲԸ-ում: Եվ երբ պետությունը որոշում է կայացրել մասնավորեցնել հիմնարկը, Էմիլիա Մելիքյանն ու իր աշխատակիցները դիմել են կառավարությանը` պահանջելով, որ գույքը մասնավորեցվի իրենց` ուղղակի վաճառքի միջոցով: Կառավարությունից կոլեկտիվին տեղեկացրել են, թե ընդունված որոշման համաձայն մասնավորեցումը կատարվելու է բաց մրցույթի միջոցով և որ իրենք կարող են մասնակցել դրան: Սակայն կառավարությունը հրապարակավ ընդունել է մի որոշում, իսկ նախագահի վավերացմանն է ներկայացվել մեկ այլ տեքստ, որտեղ մրցույթին վերաբերող պարբերությունը փոխարինվել է երրորդ անձին ուղղակի վաճառքի միջոցով մասնավորեցնելու մասին պարբերությամբ: Հետևանքը եղել է այն, որ կոլեկտիվը զրկվել է մասնավորեցման գործընթացին մասնակցելուց: ՀՀ դատական ատյանները սպառելուց հետո Էմիլիյա Մելիքյանը 2006թ-ի հունվարի 29-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (դատարանի մատչելիության իրավունք) և 13-րդ հոդվածների (իրավական պաշտպանության արդյունավետ միջոց), ինչպես նաև կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտումները: Եվ ահա, 7 տարի անց եվրոպական դատարանը վճիռ է կայացրել արձանագրելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (դատարանի մատչելիության իրավունք) խախտումը: Ու թեև Էմիլիա Մելիքյանի գանգատի մնացած մասը ԵԴ-ը մերժել է, բայց նույնիսկ այս մի կետի խախատումը ՀՀ-ի բյուջեին արժեցավ 3 600 եվրո: