Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով վկա, գործարար Սիլվա Համբարձումյանը։ Ըստ գործի նյութերի՝ Արամ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ հանքավայրերի շահագործման թույլտվություն տալու համար հենց նրանից է պահանջել և ստացել 14 մլն դոլար կաշառք։
Սիլվա Համբարձումյանը պատմեց, որ Արամ Հարությունյանի հետ ծանոթացել է 2007թ. նրա մտերիմ Սուրեն Ավագայանի միջոցով։
«Սուրեն Ավագյանը հանքերի հետ կապված հարցերով էր զբաղվում։ Ես էլ հանքեր էի ուզում շահագործել և նրա միջոցով հանդիպեցի Արամ Հարությունյանին, ով ինձնից 14 մլն դոլար կաշառք պահանջեց։ Ես համաձայնեցի, բայց ասացի, որ միանգամից չեմ կարող այդքան գումար տալ, եթե ունեք տարբերակ փոխանցելու՝ կփոխանցեմ։ Արամ Հարությունյանը ինձ թուղթ տվեց, որտեղ գրված էր Արաքս Դիլանյան անունը և նրա հաշվեհամարը»,–պատմեց վկան՝ նշելով, որ իրենց հանդիպումներին գրեթե միշտ ներկա է եղել Վիկտոր Մարտիրոսյանը։ Վերջինս մեղադրվում է Հարությունյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ և ներկայումս գտնվում է կալանքի տակ։
Վկան դատարանին հայտնեց, որ 2008թ. փետրվարի 2–ին Արամ Հարությունյանի ցուցումով 8 մլն դոլար է փոխանցել Արաքս Դիլանյանի հաշվին, ինչից հետո սակայն Արամ Հարությունյանն իր խոստումը չի կատարել։
«Ես բազմիցս դիմել եմ նրան, բայց ամեն անգամ մի բան էր մտածում. իրեն դիմել եմ թե՛ նախարար, թե՛ մարզպետ եղած ժամանակ։ 2015–ին գնացի իր մոտ, այդ ժամանակ նա Կոտայքի մարզպետն էր, ասացի՝ ի՞նչ ես մտածում իմ փողը վերադարձնելու մասին, ասաց՝ «չեմ վերադարձնելու, գնա, ինչ ուզում ես արա»։ Ես էլ 2015–ի սեպտեմբերին գնացի ոստիկանության 6–րդ վարչությունում հայտարարություն տվեցի»,–պատմեց վկան։
Ըստ Համբարձումյանի ցուցմունքի՝ գործի քննության ընթացքում Արամ Հարությունյանը խուսափում էր հարցաքննություններից, նախաքննական մարմինը հարցումներ էր անում, սակայն պատասխաններ չէր ստանում, ասել է թե՝ գործը տեղից չէր շարժվում. արդյունքում որոշ ժամանակ անց գործի վարույթը կասեցվեց։
Նշենք, որ քրեական գործը վերաբացվել է 2018–ին՝ Համբարձումյանի դիմումի հիման վրա։
«2018–ի գարնանը հայտնի դարձավ, որ Արաքս Դիլանյանի՝ Դուբայու գործող հաշվից այդ գումարը փոխանցվել է երեք հոգու՝ Վիկտոր Մարտիրոսյանի, Գագիկ Կարապետյանի և Արմեն Խաչատրյանի հաշիվներին։ «Դրանից հետո դիմել եմ դատախազություն, հայտնել ի հայտ եկած նոր տվյալների մասին»,–ասաց նա։
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի հորդորով Սիլվա Համբարձումյանը մանրամասնորեն ներկայացրեց իրենից կաշառք պահանջելու և ստանալու մեխանիզմը։
Վկան նշեց, որ իրեն անընդհատ շտապեցնում էին և պահանջում կաշառքի գումարը։
«2015–ի հունվարն էր, ասում էին գումարը շտապ պետք է, դիմացը նախագահական ընտրություններն են. ես էլ ասացի՝ չեմ կարող այդ գումարը միանգամից տալ և մաս–մաս վճարեցի»,–ասաց նա։
Սիլվա Համբարձումյանը նաև հայտնեց, որ հանքավայր ձեռբերելու համար աճուրդների է մասնակցել, անգամ իր համար որոշ աճուրդներ են անվավեր ճանաչել, որպեսզի նա ձեռք բերի Արամ Հարությունյանի հետ նախապես պայմանավորված հանքավայրը։
Նրա խոսքով՝ հանքավայրերի գնման հետ կապված բոլոր աճուրդների ելեքերը կանխորոշված են եղել։
«Աճուրդներին տարբեր հիմնարկներով եմ մասնակցել։ Աճուրդները երբեք օրինական չեն եղել, ամեն անգամ մի հոգու համար էին անում։ Դեպք է եղել, երբ ես մասնակցեցի մի աճուրդի, հասցրեցի 188 մլն դրամի, բայց Արամ Հարութունյանն ասաց, որ պետք է հրաժարվեմ, իմ գումարները կվերադարձնեն, քանի որ դա ուրիշի համար էր նախատեսված»։
Դատախազի հարցին, թե նախքան աճուրդն էր սովորաբար կաշառք տալիս, թե՞ դրանից հետո, Համբարձումյանը ծիծաղելով պատասխանեց.
«Մինչև փողը չտայինք, ո՞վ էր աճուրդ անում, մինչև կաշառք չտայի, ինձ համար հո աճուրդ չէի՞ն անի, իհարկե ոչ, մանավանդ որ ես այն մարդը չէի, որ վերևից հովանավորներ ունենայի և վստահ լինեի, որ կանցնեմ»։
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ իրենից հենց 14 մլն դոլար պահանջեցին, Համբարձումյանը պատասխանեց.
«Սուրենը եկավ՝ ասաց գիտե՞ս, էս մի հանքի համար Բելաջոյի Գրիշը 6 մլն–ա ինձ տալիս, բայց քանի որ դու ավելի շատ հանք ես ուզում, ընդհանուր 14 մլն կտաս»,–ասաց նա և հավալեց. «Եթե Արամ Հարությունյանին գլխանց 14 մլն չտայի, էդ աճուրդը չէր կայանա»։
Հաշվի առնելով դատարանի աշխատանքային ծանրաբեռնվախությունը այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 2–ին։
Հաջորդ դատական նիստում վկային հարցեր կուղղեն գործով պաշտպանները։