ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Հիշեցնենք՝ Կարեն Եսայանը այն երիտասարդն էր, ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հետ, եւ ում սպանեցին հենց նշանադրության օրը: Այսօրվա դատական նիստը անցել է բավականին լարված մթնոլորտում, տեղի են ունեցել վիճաբանություններ:
Դատարանում ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, ով մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել: Նշենք, որ Հարություն Սարգսյանի մայրը մեկն էր այն երեք վկաներից, ովքեր չէին ներկայանում դատարան: Մյուս երկուսը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրն են՝ Մանյա Ղուկասյանը: Պատասխանելով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին, թե ինչ գիտեք այս գործի առնչությամբ, Անահիտ Նիկոլյանը ասել է, թե ինքը գիտի այն, ինչ խոսում են քաղաքում, որ Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Ամբաստանյալի մոր այս հայտարարությունը աղմուկ է բարձրացրել դատարանի դահլիճում: Նիստին ներկա Սպարտակ Ղուկասյանի ընկերները եւ մի շարք երիտասարդներ սկսել են վիճաբանել, թե ինչ է խոսում կինը, որից հետո վիճաբանություն է առաջացել նրանց եւ Հարություն Սարգսյանի միջեւ: Դատավորը ընդմիջում է հայտարարել: Անահիտ Նիկոլյանը հայտարարել է, որ Սպարտակ Ղուկասյանը եւ Կարեն Եսայանը տարաձայնություններ են ունեցել, Կարեն Եսայանի պատճառով Սպարտակ Ղուկասյանը անգամ հոր հետ վիճաբանել է, նա համաձայն չի եղել, որ քույրն ամուսնանա Կարեն Եսայանի հետ: