ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ օտարերկրյա գործընկերներից ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում ասված է.
«Մեծարգո վարչապետ,
Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։
Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը:
Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։
Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։ Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարեւոր տոնի առթիվ»: