Երեկ Հայկական ժամանակաի խմբագրություն բազմաթիվ ահազանգեր է ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցներից այն մասին, որ կեսօրից հետո ոստիկանականները մի քանի տասնյակ մեքենաներով մոտեցել են դպրոցներին եւ բարձր տարիքի տղա աշակերտների նկատմամբ կոպիտ վերաբերմունք են ցույց տվել: Օրինակ, Գեղարվեստի դպրոցի մոտ տեսախցիկներով ռեժիսյուրայի դաս անցկացնող աշակերտներին շրջապատել են երեք մեքենաներով ոստիկաններ: «Նրանք շատ կոպիտ, հայհոյախառը արտահայտություններով մեզ ստիպեցին նստել իրենց մեքենաները, վերցրեցին մեր խցիկները, պահանջեցին ցույց տալ նկարահանած կադրերը, ապա «չիպերը» հանեցին ու այդ ընթացքում չափազանց կոպիտ էին խոսում մեզ հետ: Նրանք մեզ բաց թողեցին միայն այն բանից հետո, երբ դպրոցից դուրս եկավ մեր տնօրենը...: Ոստիկաններին պատկանող մեքենաներից մեկը վրացական համարներով սեւ «Մերսեդես» էր, մյուսը «Ժիգուլի»` 150 ՈՍ 02 պետհամարանիշով...»,- պատմեց մի աշակերտ: Դպրոցի տնօրեն Լուսինե Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ երեխաներին մեքենաներից իջեցրել են միայն իր գալուց հետո: Երեխաները մեզ պատմեցին, որ մեքենաներից իջեցնելիս` ոստիկանները իրենց ասել են. «Դե ռադ եղեք դասարան»: մոտավորապես այսպիսի դեպքեր են գրանցվել նաեւ այլ դպրոցների մոտ: Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանությունում մեր թղթակցի հետ զրույցում բնականաբար հերքել են, որ նման բան է տեղի ունեցել: Թե որ՞ն է ոստիկանների «գազազելու» պատճառը, հաստատապես հայտնի չէ, սակայն անցած գիշեր այդ համայնքում պատերին հայտնվել են «Անսերժ Հայաստան», «Դու դեռ ֆեյսբուքո՞ւմ ես, դո՛ւրս արի փողոց» եւ նմանատիպ այլ շատ «վտանգավոր» գրվածքեր: Երեխաներին հետապնդելով` չզբաղված մյուս ոստիկանները ամբողջ օրը շուշաթղթել կամ սեւ ներկով ներկել են այդ բոլոր գրվածքները: