Օպերային ճանաչված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը պետք է երգեր ԵՊՀ 100-ամյակին նվիրված տոնական համերգին, սակայն բեմական հագուստը ձեռքին՝ չի կարողացել ներս մտնել Օպերային թատրոնի գլխավոր մուտքով: «Մոտեցա գլխավոր մուտքին, անվտանգության աշխատակիցներն ինձ կանգնեցրին ասելով, որ չեմ կարող ներս մտնել: Կմտնեմ, եթե հրավիրատոմս ցույց տամ: Ասացի, որ հրավիրատոմս չունեմ, քանի որ մասնակից եմ, իրենք կրկին ասացին, որ չեմ կարող մտնել: Անգամ անձնագիրս ցույց տվեցի, սակայն դա նրանց ոչինչ չասաց, ստիպված շրջանցեցի ամբողջ շենքը եւ ներս մտա ծառայողական մուտքով»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց օպերային դիվան: «Մի քիչ ճկունություն է անհրաժեշտ մեր երիտասարդներին, որպեսզի հասկանան, որ ես չեմ այն ահաբեկիչը, որը կարող է վտանգ ներկայացնել: Պետք է կարողանան տարբերել, ոչ թե Խորհրդային Միությունից մնացած ոճով վարվեն՝ հրամանը տված է, չենք թողնում: Սա շատ ցավալի եւ տարօրինակ երեւույթ էր ինձ համար»,-տարակուսանք հայտնեց տիկին Պապյանը:
Նյութի աղբյուրը՝ aravot.am