«Այս պահին դատարանն է որոշում կայացնում՝ ես կվերականգնվեմ իմ պաշտոնում, թե՞ ոչ: Ես չորս անգամից ավել վարչապետին կոնկրետ գրավոր գրել եմ, որ եթե կա անվստահություն, առանց որևիցե վայրկյան մտածելու կհրաժարվեմ, դուրս կգամ, որովհետև չեմ կարող անվստահության պայմաններում աշխատել: Պարոն վարչապետը նշել է՝ ոչ, նման խնդիր չկա. կա ցուցմունք, քո վրա քրեական գործ է հարուցված, գործի ավարտից հետո կհասկանանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Դ. Սանասարյանը:
Դիտարկմանը՝ խոսակցություն եղավ, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը նաև Ձեր գործով է պայմանավորված, Դ. Սանասարյանը նշել է, որ այդ հարցի շուրջ վարչապետի հետ չի խոսել և չի կարող ասել՝ կապ ունե՞ր, թե՞ ոչ: «Սակայն մեկ ուրիշ խախտում է տեղի ունեցել. ԱԱԾ տնօրենն մամուլի ասուլիս է տալիս ու լրագրողներին ասում՝ գործը գնա դատարան, բոլորդ կիմանաք: Իսկ ո՞վ ասեց: Դու ես որոշո՞ւմ: Կարծես թե այդ հարցն այդ մարդն է որոշում, ոչ թե գլխավոր դատախազությունը: Այսինքն՝ ԱԱԾ կառույցն է որոշել, որ գործը պետք է դատարան գնա: Սա արդեն իսկ ճնշում է այդ մարմիններ վրա: Մի բան էլ. երբ ես դեռ ներգրավված չէի որպես կասկածյալ, ոչ էլ վկայի կարգավիճակ ունեի, ինձ մոտ են եկել Սամվել Ադյանի հարազատներն ու ասել, որ Ադյանին ճնշում են, որ իմ վրա ցուցմունք գրի»,- ասել է Սանասարյանը: