ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, մասնավորապես խոսելով «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների մասին խոսվող չարաշահումներից, նախարարն ասաց, որ չարաշահում գոյություն չունի:
«Չէր կարող չարաշահում լիներ այն դեպքում, երբ հայտնաբերել ենք թերությունները և հանձնարարել ենք, որ թերությունները վերացնեն և ոչ մի լումա չենք վճարել մինչև թերությունները չվերացվեն: Եթե չի վճարվել, ապա որտեղ կարող է լինել չարաշահում»,-իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրապարակել էր Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում բացահայտած աղաղակող խախտումներ: Մասնավորապես այն, որ ծրագիրն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» կազմակերպությունն ու տեխնիկական աշխատանքները վերահսկող ֆրանսիական «Սաֆեշ» եւ «Էպտիա» կազմակերպությունները չեն կատարել իրենց լիազորությունները:
Այն հարցին, թե արդյո՞ք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը շտապել է, երբ հայտարարել է, որ չարաշահումներ կան ոլորտում, Գագիկ Բեգլարյանն ասաց.
«Եթե ասել է չարաշահում, ուրեմն շտապել է, որովհետև եթե գումար չի եղել, ուրեմն չարաշահում նույնպես չի եղել»:
Գագիկ Բեգլարյանը նշեց նաև, որ Վերահսկիչ պալատը ստուգել է մոտ 60 կազմակերպություն և 2 կազմակերպությունում է գտել միայն խախտումներ: