Հոկտեմբերի 8-ին Երևանի ավագանու անդամների ու քաղաքապետարանի պաշտոնյաների հարցուպատասխանի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը Թբիլիսիից ստացած իր տպավորություններից մի դրվագ պատմեց: Ըստ նրա՝ Վրաստանի մայրաքաղաքին ևս բնորոշ են այն խնդիրները, որոնք կան Երևանում՝ աղբահանություն, ապօրինի շինություններ: Թբիլիսիի բնակիչներին հաջողվել է փոխադարձ համաձայնության գալ, քանդել ավտոտնակները, ստեղծել փոքր կայանատեղիներ, իսկ խնայված տարածքներում խաղահրապարակներ կառուցել:
«Այստեղ կարևորն այն է, որ բնակիչները համաձայնել են քաղաքին տալ իրենց մեծ ավտոտնակները՝ փոխարենը դրա համար փոքր տարածք ստանալ»,- ասաց նա և նշեց, որ դա ընդօրինակելի է ու կարելի է Երևանում էլ կիրառել: Այստեղ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը հուշեց.
«Մեզ մոտ էլ ունենք այդ նախադեպը Դավիթաշեն վարչական շրջանում: Ինչո՞ւ եք ուրիշին օրինակ բերում»:
Քաղաքապետն արձագանքեց. «Շատ շնորհակալություն, բայցի ինչի՞ մուննաթով: Շատ ուրախ եմ»: