«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 17-ին սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` եղբայրները խոստովանել են, որ գողություն են կատարել նշված գիշերը: Երբ տեսել են ոստիկաններին, վախեցել են ու փախուստի են դիմել:
Եղբայրներից մեկը, որը կրակել է ոստիկան Տիգրան Առաքելյանի վրա, ցուցմունք է տվել, թե չի ցանկացել սպանել ոստիկանին: Ըստ նրա` երբ տեսել է, որ ոստիկանները բռնել են իր եղբորը, պառկեցրել գետնին, մոտեցել է, զենքը խլել եւ կրակել է՝ վախեցնելու նպատակով, բայց կրակոցը սպանել է Տիգրան Առաքելյանին:
Իհարկե, սպանողը կարող է իրեն մեղմացուցիչ հնչերանգներով ցուցմունքներ տալ, բայց և՛ նա, և՛ բոլորը պետք է մեկընդմիշտ գիտակցեն, որ ոստիկանի, ծառայողի վրա ձեռք բարձրացնողը առանց ներման պատժվելու է խստագույնս: Տվյալ դեպքում 16 տարեկան տղան, որ կրակել է ոստիկանին, ցմահ կալանքի տակ է մնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: