Ըստ որոշ աղբյուրների` Հայրիկյանի դեմ մահափորձից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած շտապօգնությունը նախ դիմել է 1-ին հիվանդանոցին` առանց տեղեկացնելու, թե ում մասին է խոսքը, ասել, որ հրազենով վիրավոր են բերում, սակայն պատասխանել են, որ տեղ չունեն, Հայրիկյանին տարել են «Գրիգոր Լուսավորիչ»: ''Շտապօգնություն'' ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը ''Հրապարակ''-ի հետ զրույցում ասել է, որ նման դեպքերում հրազենով վիրավորվածին պետք է տանել այնպիսի հիվանդանոց, որը բազմապրոֆիլ է և կարող է բազմակողմանի հետազոտություն ու բուժում իրականացնել. այդպիսիք Երևանում ''Գրիգոր Լուսավորիչ'', ''Էրեբունի'' և ''Արմենիա'' հիվանդանոցներն են: 1-ին, 2-րդ և 3-րդ հիվանդանոցները, որոնք տարածքի առումով մոտ են, չունեն այն տեխնիկական հագեցվածությունը, կրծքային վիրաբուժության բաժանմունքները, որ կան վերը նշված հիվանդանոցներում: Բացի այդ` մյուս հիվանդանոցները, ի տարբերություն վերը նշվածների, սահմանափակ թվով հիվանդներ կարող են ընդունել:


