Հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանն ասաց, որ նոր իշխանությունը դեռ որևէ բան չի անում Հոկտեմբերի27-ը բացահայտելու համար: Նա հիշեցրեց, որ իր տրամադրության տակ չունի անջատված մասով որոշում, ուստի չի կարող բողոքարկման համար դիմել դատական ատյաններին:
Իշխանության այն փաստարկը, որ գործի վերաբացման համար նոր հանգամանքներ պետք է ի հայտ գան, դրանք վերջին շրջանում կան:
Բանախոսն այն կարծիքը հայտնեց, որ Հոկտեմբերի 27-ի գործը, ի տարբերություն Մարտի 1-ի գործի, այնպիսինն է, որ դրանում կան ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական խաղացողներ:
«Ասում եք՝ նոր իշխանություն, բայց գլխավոր դատախազը հինն է, այդ դատախազն էլ շահագրգռված չէ: Նոր դեմքերն էլ ժամանակ չունեն Հոկտեմբերի 27-ին անդրադառնալու: Մարտի 1-ով են զբաղված: Մարտի 1-ին իրենք սեփական մաշկի վրա են զգացել ցավը, Հոկտեմբերի 27-ի ցավն իրենց մաշկի վրա չեն զգացել: Ամբողջ հայ ժողովուրդն է մրմռում, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում: Ես լինեի իշխանության մեջ, առաջինը Հոկտեմբերի 27-ը կբացահայտեի: Սուբյեկտիվ է հնչում»,- ասաց Ա. Բախշյանը:
Նա պնդեց, որ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանն ամենաիրազեկված մարդն է, ով շատ բան գիտի և այսօր պետք է պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ մինչ այսօր անջատված մասով որոշում չեն ստացել:
Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատման դիմումին, ապա Ա. Բախշյանի դիտարկմամբ՝ նա այն աստիճան անպատկառ մարդ է, որ համարձակվում է նման դիմում գրել: «Հենց կգա այն օրը, որ արդարադատությունը Հայաստանում կհաստատվի, և մեր դատարանները կլինեն իսկապես արդարադատություն հաստատող դատարաններ, ես այն ժամանակ կասեմ՝ թող մի տականք էլ ավել ման գա այս արևի տակ»:
Այն հարցին, թե ինքը որքանով է հնարավոր համարում Ն. Հունանյանի խնդրանքի բավարարումը, Ա. Բախշյանն ասաց, թե այն մարդիկ, ովքեր դրա վերաբերյալ դրական որոշում կկայացնեն, կարմիր գիծ կքաշեն իրենց անվան վրա: