«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մի շատ կարևոր առավելություն ունի,  այն ձևավորում է այնպիսի կինոմթնոլորտ, որը կորել է և գնալով նոր «թափ»  է ստանում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով կինոփառատոնի և այդ ընթացքում իր ֆիլմի ցուցադրությանը, նշեց ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

«Ձայն լռություն» ֆիլմը ներկայացված է եղել միջազգային խաղարկային և հայկական համայնապատկեր  մրցույթներում: Իսկ ֆիլմի գլխավոր դերակատարուհի Մարյամ Դավթյանը  արժանացել է Ազգային կինոյի «Հայակ» մրցանակի` լավագույն դերասանուհի անվանակարգում:

Ռեժիսորը նշեց, որ  դերասանուհու դերակատարման համար  քասթինգ չի արել, այլ թեկնածուներ չեն եղել և չեն քննարկվել: «Դերն ինքն է ընտրում իր դերակատարին», - նշեց Վ.Չալդրանյանը: Նա նաև նշեց, որ ֆիլմի աբողջ ստեղծագործական անձնակազմը դժվարին ճանապարհ է անցել, սակայն այսօր արդյունքը միանշանակ գոհացուցիչ է:

Ասուլիսին ներկա էր նաև գլխավոր դերակատարուհին, ով նշեց, որ այս դերը իրեն շատ դժվար է տրվել: «Կերպարն ինձ հոգեհարազատ է դարձել, ես նրան շատ սիրեցի», - նշեց նա:

Նշենք, որ «Ձայն լռություն» ֆիլմը պատմում է մի սփյուռքահայ արվեստագետի մասին, ով 1988-ին հեռանալով հայրենիքից` որոշակի հաջողության է հասնում Հոլիվուդում: Այժմ նա վերադառնում է իր հրեա կնոջ հետ հայրենիք` ֆիլմ նկարահանելու: Նա պատահաբար ավազահանքում հանդիպում է  անօթևան երիտասարդ կնոջ, որն ապրում է  կիսափուլ մեքենակի մեջ  և ընկերացել է  փողոցային շների հետ: Սակայն հանդիպումը դառնում է ճակատագրական և, հերոսի մեջ  արթնանում է հակասություն: Նա պետք է  բարդ ընտրություն կատարի  սրտի և գլխի միջև, շարժվել բանականությամբ, թե հույզերի թելադրանքով:

Նշենք նաև, որ ֆիլմի գլխավոր դերակատարն է նաև Վիգեն Չալդրանյանը: