Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր՝ հուլիսի 11-ին, անակնկալ այցով անձամբ է եղել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին:

Բնակիչների կողմից քաղաքապետին ներկայացված խնդիրները հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթ: Լսելով բարձրացվող հարցերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետեւողական դրանց լուծման հարցում:

Քաղաքապետարանի ստորաբաժանումներում ու վարչական շրջաններում հաստատված ընդունելության օրերի սահմանմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից բոլոր պատասխանատուների առջեւ հստակ խնդիր է դրվել բնակիչների հետ անմիջական շփման միջոցով առավել տեղեկացված լինել բարձրացվող խնդիրներին ու հնարավորին արագ լուծում տալ դրանց:

Նշենք, որ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչեւ 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: